«Հրապարակ». Արարատ Միրզոյանը և Ավինյանն կարող են գնալ դեսպան
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Մեկ օրից լրանում է ժամկետը, երբ կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները ԿԸՀ պետք է ներկայացնեն հունիսի 20-ի ընտրություններին մասնակցության գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Քաղաքական ուժերը որոշել են մինչեւ վերջին պահը չբացել փակագծերը։ Այս պահին նախընտրական ցուցակները վերջին խմբագրումներին են ենթարկվում։
Իշխանության ցուցակը, որոշ տեղեկություններով, էականորեն փոխվել է՝ մոտ մեկ ամիս առաջվա տեսքը չունի։ Հայտնվել են նոր անուններ, որոնք «Քաղպայմանագրի» անդամ չեն, հիմնականում տնտեսագետներ են, բիզնեսի ներկայացուցիչներ։ Չի բացառվում, որ ցուցակի առաջին կնոջ հարցում էլ տեղափոխություն լինի Լենա Նազարյանի եւ Լիլիթ Մակունցի միջեւ։ Թեեւ ընտրությունից անմիջապես հետո Մակունցը մեկնելու է ԱՄՆ, քանի որ դեսպանի ագրեմանն արդեն ստացվել է։
Ճիշտ է՝ «Իմ քայլի» վերարտադրությունն օրեցօր ավելի է բարդանում, բայց Փաշինյանն այս օրերին ապագա պորտֆելների բաշխմամբ է զբաղված։ Մինչեւ ցուցակը կազմելը նա հերթով իր մոտ էր կանչում իմքայլական պատգամավորներին, հետաքրքրվում, թե ով իրեն որտեղ է տեսնում՝ հասկացնելով, որ դրսում չեն մնա, եթե անգամ ցուցակում չընդգրկվեն։
Այդ հանդիպումներին էլ թիմը փոխանցել է, որ Լենա Նազարյանից մեծ դժգոհություն կա, որ նա ոչ միայն պասիվ է, այլեւ թայֆաների ձեւավորմանն է նպաստում։ Դժգոհություն կա նաեւ Արարատ Միրզոյանից, եւ չի բացառվում, որ նա էլ պատվավոր թոշակի մեկնի՝ որեւէ երկրում ՀՀ դեսպանի կարգավիճակով։ Դեսպան կարող է նշանակվել նաեւ Տիգրան Ավինյանը»: