Պատերազմի վտանգը միշտ էլ կա․ Ռուբեն Ռուբինյան
Քաղաքական
Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե արդյոք պատերազմի վտանգ տեսնում է։
«Պատերազմի վտանգը՝ ինչպես երեկ, այնպես էլ այսօր և վաղը կա, պատերազմի առիթ և հիմք չկա»,– հակիրճ պատասխանեց նա։
Հարցին, թե արյո՞ք Բաքուն փորձում է նման միջոցներով ճնշել Հայաստանին, որպեսզի իրենց պայմաններով խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, ՔՊ–ական պատգամավորը պատասխանեց․ «Չեմ ուզում քաղաքագիտական վերլուծության մեջ գնալ։ Հարցնում եք՝ վտանգ կա՞․ վտանգ միշտ էլ կա, չէի ասի՝ վտանգն ավելի շատ է, քան երեկ, այդ վտանգը կա, քանի դեռ խաղաղության գործընթացը չի հասել իր ավարտին։
Բայց մենք շարժվում ենք խաղաղության ուղղությամբ, սա է պատճառը, որ մեր ջանքերով խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է, սպասում է ստորագրմանը»։
Նա նշեց, որ Ադրբեջանի ՊՆ–ն ապատեղեկատվություն է տարածում սահմանին հայկական կողմից կրակոցների վերաբերյալ։
