«Այսուհետև պիտի չհանդուրժենք նման սին վարքագիծ». ՀՅԴ Ֆրանսիայի և Արեւմտյան Եվրոպայի կենրոնական կոմիտե
ՔաղաքականՀՅԴ Ֆրանսիայի եւ Արևմտյան Եվրոպայի կենրոնական կոմիտեն դատապարտող հայտարարություն է տարածել Հրանտ Մարգարյանի վրա հարձակման առնչությամբ:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Այն ինչ տեղի ունեցավ երեկ` Երևանի Ազատության հրապարակում, ոչ թե հանդուրժողականություն է, որ ամեն քայլափոխի արդեն մեկ տարի է՝ բռնազբոսիկ ձևով քարոզվում է Հայաստանում, այլ` պարզապես խուժանություն է եւ ատելության հստակ դրսեւորում:
ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ ընկեր Հրանտ Մարգարյանի դեմ կատարված փողոցային արարքը ոչ միայն խստիվ դատապարտում ենք, այլև պահանջում ենք իշխանությունից` միջադեպին անմիջապես տալ իրավական գնահատական, եւ իբրև թե պատահական թվացող արարքի հետևում կանգնող կազմակերպիչներին բացահայտել ու պատժել ըստ օրենքի: Այլապես, հետագա որեւէ զարգացման ամբողջ պատասխանատուվություը կրելու է գործող իշխանությունը:
Ընկեր Հրանտ Մարգարյանի դեմ ուղղված այս արարքը ուղղված է Դաշնակցության աշխարհասփյուռ բովանդակ ընտանիքի դեմ: Վերջին ամիսներին ու մինչ օրս, հանուն ազգային միասնականության` անտեսել ենք մեր դեմ տարվող կազմակերպված քարոզչական անբարո արշավը, ինչպես նաև` փողոցային էժան նկրտումները, սակայն արդեն անցել է ամեն չափ ու սահման, առ այդ այսուհետև պիտի չհանդուրժենք նման սին վարքագիծ»։
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 18-ին, Ազատության հրապարակում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման դեմ բողոքող ցուցարարները հարձակվել են թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանի վրա և վիրավորական արտահայտություններ արել։
Աղբյուր՝ arfd.am