Զինված անձը «պահպանում է» Հակոբ Արշակյանի անվտանգությունը (տեսանյութ)
ՏեսանյութերՀեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ ինքը, և իր թիմը իշխանության են եկել բաց ձեռքերի քաղաքականության շնորհիվ, որ ինքը, և իր թիմը մեկն են այդ ժողովրդից և, որ կառավարելու են հնի և նորի կոնտրաստի վրա: Կոնտրաստը, սակայն, չստացվեց: Ինչպես երևում է, նախկին իշխանություններին «օլիգարխիկ կայֆերի» մեջ մեղադրողները այսօր էլ դեմ չեն, որ իրենք մտնեն այդ նույն օլիգարխների կաշվի մեջ: Դիցուք՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը երեկ վարչապետի հրահանգով ռևիզոռական այցեր էր կատարում «Հայ Փոստ»-ի մասնաճյուղեր: Ինչպես երևում է տարածված տեսանյութում՝ նախարարի անվտանգությունը տարածքում ուշի-ուշով հսկում է զինված անձը: Հարց է առաջանում՝ ումի՞ց են հեղափոխական պաշտոնյաները այդպես վախենում, կենսաթոշակը օր առաջ ստանալու հույսով «Հայ Փոստ»-ի բակում հավաքված տատիկ-պապիկների՞ց: Բայց չէ՞ որ իրենք հայտարարում էին, որ այդ տատիկ-պապիկների կյանքը որակապես փոխվել է հեղափոխությունից հետո, և այսօր նույն տատիկ-պապիկները հեղափոխական պաշտոնյայի տեսնելիս՝ պետք է օրհնանքի խոսքեր շռայլեին նրանց հասցեներին, այդ դեպքում՝ ինչի՞ց է այդ վախը...
Ընդդիմադիր Փաշինյանը հայտարարում էր, որ նախկին պաշտոնյաները երկու պատճառ ունեն սեփական ժողովրդից «զենքով ու զորքով» պաշտպանվելու համար՝ նրանք թալանել են երկրի բյուջեն, և այդ մասին լավատեղյակ է նաև հանրությունը: Եվ երկրորդ պատճառը՝ նրանք, որպես կանոն, կրիմինալ շրջանակներց էին, այստեղից էլ՝ թիկնազոր ունենալու անհրաժեշտությունը: Տրամաբանական հարց է առաջանում, իսկ ո՞ր խմբին են պատկանում հեղափոխական և իրենց պնդմամբ՝ անբասիր նկարագիր ունեցող հեղափոխական չինովնիկները, որոնց մոտ սիրո և թավշյա հեղափոխությունից ընդամենը երկու տարի անց անհրաժեշտություն է առաջացել պաշտպանվել այն նույն ժողովրդից, որի մի մասնիկն էին իրենք իրենց համարում ժամանակին, այն ժողովրդից, որի շնորհիվ ստացան այդ բարձր պաշտոնները և «օլիգարխիկ կայֆերին» տրվելու հնարավորությունը...