«Ռոման» նվերներ է ուղարկել պատերազմից տուժած հայ երկրպագուներին
ՍպորտՀռոմի «Ռոման» նվերներ է պատրաստել հայ երկրպագուների համար: Հոկտեմբերի 9-ին իտալական ակումբը նվերների 117 տուփ է ուղարկել Հռոմում Հայաստանի դեսպանություն, որպեսզի դրանք փոխանցվեն հայաստանյան ֆան ակումբին:
Առաջիկա մի քանի օրերին սպորտային համազգեստներով ու պարագաներով տուփերը կհասնեն Հայաստանում «Ռոմայի» ֆան ակումբի նախագահին, որը տարածաշրջանում ստեղծված պատերազմական իրավիճակի պատճառով բարեգործական նախաձեռնությամբ դիմել է իտալական ակումբին, hաղորդում է «Ռոմայի» մամուլի ծառայությունը
«Որոշ ժամանակով մի կողմ թողնելով քաղաքականությունը՝ Roma Cares-ը կլինի այնտեղ ու կշարունակի օգնել ակումբի երկրպագուներին, որոնք ամենաշատն ունեն դրա կարիքը՝ անկախ նրանից, թե որտեղ են գտնվում:
Այս նվիրատությամբ մենք առաջին քայլն ենք անում՝ օգնելու երեխաներին, կանանց ու տղամարդկանց, որոնք այս պահին գտնվում են շատ ծանր վիճակում»,- ասել է ակումբի գլխավոր տնօրեն Գվիդո Ֆիեգան: