Լոռու մարզպետն աշխատանքից ազատել է Փաշինյանի հրաժարականը պահանջող բժշկին, ապա հետաքրքրվել՝ ինչո՞ւ է դեմ վարչապետին
ՀասարակությունՓաշինյանի հրաժարականը պահանջելու համար աշխատանքից հեռացրել են Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկական հիվանդանոցի տնօրեն Արտակ Եդոյանին։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց Եդոյանը:
«Պարոն մարզպետին հարցնում եմ՝ ո՞րն է աշխատանքից ազատման պատճառը, ասում է՝ պատճառ չկա, օրենքի համաձայն՝ ես իրավունք ունեմ Ձեզ ազատել աշխատանքից՝ առանց պատճառի: Բժիշկ, ազատամարտիկ Տարոն Տոնոյանի՝ Փաշինյանի հրաժարականի կոչին միացել էի նաև ես։ Ես կուսակցական դիրքորոշում չունեմ։ Ենթադրում եմ, որ դրանով է պայմանավորված, որովհետև այլ պատճառ չկա, դրա պատճառը չեն ներկայացնում»,- նշեց արդեն նախկին տնօրենը:
Եդոյանի այն հարցին, թե ինչու են իրեն հեռացնում աշխատանքից, նորանշանակ մարզպետը նախ ասել է՝ պատճառ չկա, ապա հետաքրքրվել, թե ինչո՞ւ է դեմ Նիկոլ Փաշինյանին: Տնօրենն էլ իր հերթին պատասխանել է, որ ներկա իրավիճակն է այդպես ստիպում և որ պատերազմի արդյունքներից ելնելով է դեմ:
«Պարոն մարզպետն այլևս ոչինչ չպատասխանեց, միայն այն հարցին, թե կարո՞ղ եմ հայտարարել, որ Դուք ինձ աշխատանքից ազատել եք առանց պատճառի՝ ասաց՝ այո՛, կարո՛ղ եք»,- ընդգծեց Եդոյանը:
Եդոյանն ասաց, որ դիմելու է իրավապահ մարմիններին՝ փորձելով վերկանգնել իր խախտված իրավունքները:
Արփինե Հակոբյան