Եթե մարդիկ մտածում են, որ շենքեր պետք է գրավեն, պետք է մտածեն նաև` իրենց վրա կարող են կրակել. Անդրանիկ Քոչարյան
ՔաղաքականԵթե քաղաքացիները մտածում են շենքեր գրավելու մասին, թող նաև մտածեն, որ այդ շենքերը գտնվում են պետական պաշտպանության տակ, իսկ դա նշանակում է՝ պետությունն իրավունք ունի կրակելու։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասաց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով «Հայրենիքի փրկության» շարժման գործողություններին։
«Վազգեն Մանուկյանը շատ լավ է աշխատել Նաիրի Հունանյանի խմբի հետ, հիմա ինքը շաբաթը մեկ իր կոչերով հորդորում է մեկի ոտքերը ջարդել, մյուսի դուռը ծեծել: Վազգեն Մանուկյանն առաջնորդում է մարդկանց, ու՞մ վրա է քաղաքացիների գործողությունների պատասխանատվությունը»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:
Նա նաև հավելեց, որ այսօր պետությունն ի վիճակի է պաշտպանել իր քաղաքացուն. «Բոլորը պետք է գիտակցեն, որ անվտանգության համակարգի հետ կատակներ չեն անում, հիմա մեր երկիրն այնպիսի վիճակում չէ, որ չկարողանա պաշտպանել իր քաղաքացուն և մեր պետությունը»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:
Նա նշեց, որ պետք է արմատախիլ արվեն կեղծ տեղեկություն տարածողները, որ պատերազմ չսկսվի երկրի ներսում. «Եթե գործողությունները միտված են կեղծ ու սուտ լուրերը մեր երկրի ներսում տարածելուն, դա ոչ միայն պետք է դատապարտվի, այլ նաև պետք է արմատախիլ արվի: Դա ներքին պատերազմ վարելու ձևերից մեկն է, հրադադարի ռեժիմը պահելու փոխարեն սկսենք ներսո՞ւմ պատերազմ վարել»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը: