Ինչպես հեղափոխական քաղաքապետերը «վերացրին» գծատերերի բիզնեսը
ՎերլուծականՀեղափոխությունից հետո, ի թիվս այլ խոստումների, ՔՊ-ականները խոստանում էին քաղաքների բնակիչներին ազատել այսպես կոչված` գծատերերից: Գաղտնիք չէ, որ ամենայուղոտ ուղղությունները գտնվում էին նախկին պաշտոնյաների ձեռքում և այսպես ասած` գծերը հենց նրանք էին տնօրինում: Գալուստ Սահակյան, Տարոն Մարգարյան, Հենրիկ Նավասարդյան և այլն, ցանկը կարելի է շատ երկար շարունակել:
Սկզբում գծատերերից երևանցիներին ազատել խոստացել էր արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը: Վերջինս, սակայն, շատ արագ լեզու գտավ նրանց հետ և որոշեց հնարավորինս ձգձգել տրանսպորտային ռեֆորմը, որպեսզի գծատերերը այս ընթացքում մաքսիմալ օգուտներ հասցնեն քաղել: Հայկ Մարությանը այլևս քաղաքապետ չէ, սակայն, անպես չէ, որ Հրաչյա Սարգսյանը պատրաստվում է լուծել այս հարցը և երևանցիներին ազատել գծատեր կոչված հասկացությունից: Դրան ուղղված քայլեր մենք մինչ այսօր էլ չենք նկատում:
Բառացիորեն նույն խոստումները տալիս էին նաև մյուս ՔՊ-ական քաղաքապետերերը, դիցուք՝ Էջմիածնինը և Արմավիրինը: Դիանա Գասպարյանը ավելի շատ զբաղված էր Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող սրճարանի բոյկոտով, քան քաղաքային երթուղիները սպասարկող գծատերերով: Էջմիածին-Երեւան-Էջմիածին երթուղուց օգտվողները դժգոհում են, որ գիծը շահագործողները չարաշահում են իրենց համբերությունը: Ըստ նրանց՝ տեւական ժամանակ է՝ ավտոբուսներն իրար «պաս են տալիս». ճանապարհի կեսից ուղեւորներին իջեցնում են, նստեցնում մեկ այլ ավտոբուս: Երթուղին սպասարկում է «Էջմիածնի բեռնաուղեւորատար ավտոտրանսպորտային» ԲԲԸ («Էջմիածին ԲՈՒԱՏ») կազմակերպությունը, որի սեփականատերն ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանն է: Ինչպես հասկանում ենք՝ քաղաքապետը այս իրավիճակը կարգավորելու ո՛չ միտք ունի, ո՛չ ցանկություն:
Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը գործընկերներից հետ չի մնում: Արմավիր Երևան երթուղին սպասարկող գծատերերը անմիջապես հեղափոխությունից հետո բարձրացել էին ուղեվորավարձը, վարորդները անգամ ստիպված եղան գործադուլ անել: Մինչ օրս էլ գծատերերը շարունակում են իրենց գործը և չի կարելի ասել, որ մարզային երթուղին ինչ-որ բարեփոխումների կամ դրական փոփոխությունների է ենթարկվել:
Ահա այսպես են հեղափոխական պաշտոնյաները պայքարում գծատերեր հասկացության դեմ, իսկ տուժողը, ինչպես հասկանում ենք, միայն հպարտ քաղաքացիներն են, ովքեր այդպես էլ չստացան ցիվիլ և ժամանակակից և որն էլ ավելի կարևոր է՝ այս կամ այն նախկին պաշտոնյայի բիզնես չհանդիսացող հանրային տրանսպորտ...