Ուկրաինացի նախկին պատգամավորի կինը փորձել է ճամպրուկով 30 միլիոն դոլար տեղափոխել Հունգարիա (լուսանկարներ)
ԼուսանկարներՀետաքննությունների պետական բյուրոն քրեական գործ է հարուցել այն բանից հետո, երբ ստացել է տվյալներ, որ Անաստասիա Կոտվիցկայան առանց հայտարարագրելու, շրջանցելով մաքսային կանոնները, դոլարով և եվրոյով լի ճամպրուկները փորձում է տանել Հունգարիա։ Քննիչները ուսումնասիրում են այս տեղեկությունը, գրում է Pravda-ն։
Անաստասիա Կոտվիցկայան Ուկրաինայում «Ժողովրդական ճակատ» կուսակցության նախկին ժողովրդական պատգամավոր Իգոր Ալեքսանդրովիչ Կոտվիցկու կինն է, որն, իր հերթին, ՆԳ նախկին նախարար Արսեն Ավակովի բիզնես գործընկերն է։
Այսպես, մարտի 14-ին «Opel Vivaro» մակնիշի ավտոմեքենան Անդրկարպատյան մաքսատան կետ է ժամանել։ Ղեկին, ինչպես նաև ուղևորներից մեկը, եղել են Հունգարիայի քաղաքացիներ։ Մյուս ուղևորներն էին Անաստասիա Կոտվիցկայան և նրա մայրը՝ Գալինա Կուչերը։ Ուկրաինայի սահմանը հատելիս՝ այդ անձինք դրամական միջոցներ չեն հայտարարագրել, իսկ ուկրաինացի մաքսավորները չեն ստուգել իրերը։
Սակայն, ըստ պարբերականի աղբյուրների, ավելի ուշ պարզվել է, որ Կոտվիցկայան մաքսակետի տարածքում՝ Հունգարիայում, այնուամենայնիվ, հայտարարագրել է 28,8 մլն դոլար և 1,3 մլն եվրո։
Հետագայում Կոտվիցկին հայտարարել է, որ այս տեղեկությունը կեղծ է․ իր կինը վաղուց արդեն վերադարձել է Ուկրաինա։