Միջազգային հանրությունը պետք է դատապարտի ուժի կիրառումը Ադրբեջանի կողմից. Արմեն Գրիգորյանը՝ Fox News-ին
ՔաղաքականՄիջազգային հանրությունը պետք է դատապարտի Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը և կոչ անի դուրս բերել ադրբեջանական զորքերը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից:
Այդ առումով Արմեն Գրիգորյանը բարձր է գնահատել Միացյալ Նահանգների կողմից ավելի հասցեական գնահատականները:
«Միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ ինչպես Միացյալ Նահանգներն է անում: Միացյալ Նահանգները շատ հստակ էր իր ձևակերպումներում. նա կոչ արեց Ադրբեջանին դուրս բերել իր զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից, և մենք կարծում ենք, որ միջազգային հանրությունը պետք է դատապարտի ուժի կիրառումը, որն արվել է Ադրբեջանի կողմից, և միջազգային հանրությունը պետք է աջակցի դիվանագիտական գործընթացին», – «Ֆոքս Նյուզ»-ին ասել է Անվտանգության խորհրդի քարտուղարը։
Ամերիկյան հեռուստաալիքը հիշեցրել է, որ մարտերը Հայաստանի և Ադրբեջանի միջև վերսկսվել էին սեպտեմբերի 13-ին, երբ Ադրբեջանի զինված ուժերը հարձակվել էին Հայաստանի վրա: Ընդ որում, «Ֆոքս Նյուզ»-ն իր ձևակերպման մեջ շատ հստակ նշում է, որ ադրբեջանական ուժերն են հարձակում ձեռնարկել «իրենց արևմտյան հարևանի վրա»:
Այս համատեքստում ամերիկյան հեռուստաալիքը հիշեցրել է նաև Լեռնային Ղարաբաղի մասին՝ նշելով, որ մեծամասամբ հայերով բնակեցված այս շրջանը խորհրդային ժամանակաշրջանում ինքնավար մարզի կարգավիճակ է ունեցել խորհրդային Ադրբեջանի կազմում, սակայն Խորհրդային Միության գոյության վերջին տարիներին զինված հակամարտություն է բռնկվել «քրիստոնյա հայերի» և «մուսուլման ադրբեջանցիների» միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ: