Հայաստանը պաշտպանված է լինելու ԱՄՆ, ԵՄ և ՆԱՏՕ-ի ողջ ռազմական, տնտեսական և քաղաքական համակարգով․ Խզմալյան
Արտաքին Քաղաքական
Մակրոնի՝ Հայաստանի ու Արցախյան 44-օրյա պատերազմի մասին ասած հայտնի խոսքերը շարունակում են բուռն քննադատության ենթարկվել Ռուսաստանում և Ադրբեջանում, առաջինի դեպքում՝ վրդովմունքի պատճառն այն է, որ Ֆրանսիայի նախագահը ղարաբաղյան երկրորդ պատերազմի հրահրման մեջ մեղադրել էր Կրեմլին, իսկ Բաքվի դեպքում՝ հիստերիայի պատճառը Մակրոնի հայամետ դիրքորոշումն ու Փարիզի աջակցության մասին հայտնելն էր։ Առհասարակ, կարելի է ասել, որ Հարավային Կովկասում ԵԱՀԿ Մինսկի Խմբի երեք համանախագահների միջև վերջին շրջանում այսպես կոչված դիվանագիտական փոխհրաձգություն է տեղի ունենում։ Ու՞ր կտանեն այս հակասությունները և առաջին հերթին, որքանո՞վ դրանք կազդեն Հայաստանի ու Արցախի ճակատագրի վրա։
«Հայաստանը հայտնվել է մեծ քաղաքականության կիզակետում եւ շատերի համար այստեղ դա այնքան անսովոր է եւ անհասկանալի, որ դատողություններն ու վերլուծությունները հաճախ մակերեսային են եւ իրադարձություններին անհամապատասխան: Իրականում մեր աչքի առաջ քանդվում է երկդարյա աշխարհաքաղաքական ձեւաչափը եւ, հետեւաբար մեր ազգային աշխարհայացքը նույնպես պետք է փոփոխությունների ենթարկվի՝ շատերի համար սովորական դարձած մոսկվակենտրոն, ռուսամետ ընկալումներից դեպի եվրատլանտյան, հայանպաստ նոր ձեւաչափեր եւ օրակարգեր: Որքան էլ ցավալի եւ անհավատալի թվա ոմանց համար՝ Ռուսաստանի դերն Հայաստանում, տարածաշրջանում եւ ողջ աշխարհում այլեւս նվազում է եւ գրեթե զրոյանում»։
Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին ասաց Հայաստանի Եվրոպական կուսակցության (ՀԵՎԿ) նախագահ Տիգրան Խզմալյանը։ Մեր զրուցակցի պնդմամբ, մեծ հաշվով դա կապված է մարդկության պատմության մեջ սկսված նոր տնտեսական դարաշրջանի՝ հետնավթային, հետհումքային, գիտատար եւ տեղեկատվական գերարդիական տեխնոլոգիաների հետ․
«Հետաքրքրիր է, որ մեծ հաշվով դրա հիմնական խթանը հանդիսացավ հենց Ռուսաստանի անհեռատես ու նախահարձակ քաղաքականությունը, որի միջոցով Կրեմլը փորձում էր իր հումքային տնտեսությունից կախված դարձնել Արեւմտյան Եվրոպային, ինչպես դա անում էր ետխորհրդային երկրների հետ: Պուտինի այս ինքնավստահ տեսլականը բախվեց արեւմտյան տեխնոլոգիաների հակադարձին։ Հայաստանի առանձնահատկություններից մեկն այն է, որ հենց մեր երկիրն է դիտվում, իբրեւ դարպաս դեպի Իրան, որը նախատեսվում է ռուսական վառելիքի հիմնական այլընտրանքներից մեկը»։
Ըստ Խզմալյանի, երկրորդ կարեւոր հանգամանքը Հայաստանի ավանդական և պատմական դիրքն ու նշանակությունը եվրատլանտյան քաղաքակրթության համար, իսկ երրորդը՝ Հայաստանի ժողովրդավարությունը․
«Շնորհիվ այդ երեք պատճառների, Հայաստանն այլեւս համարվում է Արեւմուտքի անքակտելի մաս եւ պաշտպանված է լինելու ԱՄՆ, ԵՄ եւ ՆԱՏՕ-ի ողջ ռազմական, տնտեսական եւ քաղաքական համակարգով: Արցախի հայությունը պահպանելու է իր ազգային ինքնորոշման իրավունքը եւ հաջորդ պատմական փուլում, որը հեռու չէ, հնարավորություն կստանա վերամիավորվել Մայր-Հայրենիքի հետ, եթե միայն տեղական դավաճանները չոչնչացեն այդ հնարավորությունը»:
Հայաստանի Եվրոպական կուսակցությունը ողջունում եւ սպասարկում է այս զարգացումները, պատրաստելով ՀՀ մոտալուտ անդամակցությունը ԵՄ եւ ՆԱՏՕ-ին, ընդգծեց Տիգրան Խզմալյանը։
Արա Ալոյան
