Ատկատս գաղտնի թող մնա
Վերլուծական
Ինչպես հայտնի է, ատկատային օպերացիաների ամենահուսալի եղանակներից մեկը խորհրդատվական ծրագրերն են: Տիգրան Սարգսյանի կառավարության մոտ հատկապես լավ է ստացվում գյուղացիներին խորհուրդներ տալը: Այսպես, դեռ անցյալ տարի ԲՀԿ-ն, ցանկանալով հիմնավորել կառավարության ծրագրին դեմ քվեարկելը, հիշեցրեց գյուղացիներին տրված 16.5 միլիոն դոլարանոց դասախոսությունները:
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, բնականաբար, չէր կարող ավանդույթները չպահպանել: Կառավարության այսօրվա նիստում ատկատային ծրագրերն ինչպես հարկն է սղղացնելով անցկացնելու ուղղությամբ համապատասխան դասեր յուրացրած նախարարը ավելի քան յուրօրինակ ձևով ներկայացրեց իրեն վերապահված հարցը:
- Այս հարցը կնպաստի բերքի ավելացմանը, գյուղատնտեսության զարգացմանը,- նախարարը հենց այսպես ներկայացրեց «2013-2015թթ. Գյուղական խորհրդատվական ծառայություների ծրագիրը հաստատելու մասին հարցը:
Ո՛չ մի բառ հարցի բովանդակության, պահանջվող գումարի և այլ նրբությունների մասին: Կառավարության անդամները գործընկերոջ հույժ բովանդակալից ներկայացումն ընդունեցին ի գիտություն և հարցն ընդունվեց:
Նիստից հետո փորձեցինք Սերգո Կարապետյանից ճշտել, թե ամեն տարի մոտավորապես որքան գումար է ծախսվում խորհրդատվական ծրագրերի վրա: Մոտենալու և հարց ուղղելու առաջին րոպեից հասկացվեց, որ Կարապետյան Սերգոյի մոտ ոչինչ չի փոխվել՝ պաշտոնավարման առաջին իսկ օրից ինչպիսին որ եղել էր այս պաշտոնյան, այդպիսին էլ մնացել էր՝ մարդ, ով լրագրող տեսնելուց սկսում է դողալ և միակ բանը, որ այդ պահին անցնում է այս անձնավորության ուղեղով՝ հնարավորինս արագ ճողոպրելն է (թե ինչ ջանքեր էին գործադրել փիառշիկները, որ այս անձնավորությունը շուրջ 40-50 րոպե կարողացավ դիմանալ տարեվերջյան ասուլիսին և արտասանել սովորած դասը, կարելի է միայն երևակայել): Սկզբում Կարապետյանն, ըստ երևույթին, փորձեց իրեն
«գցել» խորհրդատվության ենթարկվող գյուղացիների «բաղերը»:
- Մենք էդ մասին էնքա՜ն ենք ասել...
- Բայց այսօրվա ձեր ներկայացրած հարցը հենց դրան էր չէ՞ վերաբերում: Տարեկան՝ կոնկրետ այս տարի ինչքան գումար է նախատեսվում խորհրդատվության համար:
Նախարարն ակնհայտորեն անակնկալի եկավ. ըստ երևույթին չէր սպասում, թե իր ներկայացրած հարցից որևէ մեկը կարող էր գլխի ընկնել, թե խոսքն ինչի մասին է:
- Դե, կարող եք բացել նայել:
- Նայել եմ, էնտեղ կոնկրետ թիվ չկա: Դուք ներկայացրեցիք հարցը, չգիտե՞ք, թե խոսքը ինչ գումարի մասին է, չեք տիրապետու՞մ Ձեր իսկ ներկայացրած հարցին:
- Գրավոր ուղարկեք, կպատասխանենք,- փորձեց տակից դուրս գալ նախարարն ու սկսեց վազել՝ հիշելով իր ամենասիրած տակտիկան՝ փախուստը:
Ծրագրում կարդում ենք. «գյուղատնտեսության նախարարության խորհրդատվական համակարգում գործում են 10 «Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» (ԳԱՄԿ) և «Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոն» (ԳԱՀԿ) ՓԲԸ-ներ»: Եվ որ «Ծրագրի իրականացման համար նախատեսվում է հատկացնել՝ 2013 թվականին՝ 295168,8 հազար դրամ, 2014 թվականին՝ 296848,8 հազար դրամ, 2015 թվականին' 330416,2 հազար դրամ». արդյո՞ք սա է հենց ամբողջ գումարը, թե սա ընդամենը մի բաղադրիչի վրա ծախսվելիք գումարն է, չի հասկացվում:
Իհարկե, խորհրդատվության անցկացումը սխալ չէ, հնարավոր է, որ գտնվեն գյուղացիներ, որոնք, օրինակ, շատ բան սովորած լինեն վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ կով կթելու առաջավոր մեթոդիկային նվիրված հայտնի դասախոսությունից և համանման մյուս խորհրդատվություններից: Սակայն ամբողջ հարցն այն է, թե այդ խորհրդատվության և դրան ուղղված միջոցների ո՞ր մասն է իսկապես օգուտ տալիս (նույն խորհրդատվական ծրագրերն ու դասախոսությունները գործի էին գցված նաև Գերասիմ Ալավերդյանի պաշտոնավարման ժամանակ, երբ գյուղատնտեսությունն արձանագրեց 18 տոկոսանոց աննախադեպ անկում) և, որ ավելի հետաքրքիր է՝ ինչու՞ է տեղեկատվությունը գաղտնի պահվում և ինչու՞ է նախարարն այդ աստիճան նյարդայնանում, երբ փորձ է արվում ճշտել հարկեր վճարող քաղաքացիների շնորհիվ ձևավորվող պետական բյուջեից դուրս տրվող գումարների ծախսը:
Լուսինե Կեսոյան
