Այս օրը լավ հնարավորություն է, որ ՀՀ քաղաքացին վերաիմաստավորի Սահմանադրության բարձր արժեքը․ ՍԴ նախագահ
ПравоՍԴ նախագահ Արման Դիլանյանը ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ․ «Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա կապակցությամբ։
Սահմանադրությունն ինքնին որոշակի հասարակական դաշինքի դրսևորում է, որը խարսխված է տվյալ հասարակության անդամների փոխհամաձայնության վրա: Ժողովրդավարական պետությունում Սահմանադրությունն արժեքների, սկզբունքների, հակակշիռների ու փոխզսպումների համակարգ նախատեսող ակտ է, հանրային կյանքի կազմակերպման և տնտեսական բարգավաճման ուղեցույց:
Մեր Սահմանադրությունն արտացոլում է այն ժողովրդավարական ու համամարդկային արժեքները, որոնց առաջնային երաշխավորողը մենք ենք՝ որպես անհատներ, և այն նվիրական նպատակները, որոնց ձգտում է մեր հասարակությունը:
Սահմանադրությունը երաշխավորում է այն բոլոր ազատությունները և իրավունքները, որոնցից առօրյա կյանքում՝ անձնական և հանրային գործունեության տարբեր բնագավառներում օգտվում է մեզնից յուրաքանչյուրը։
Մայր օրենքի նախաբանն ամրագրել է հայ ժողովրդի նվիրական ձգտումը՝ հզորացնել ինքնիշխան պետականությունը, ապահովել սերունդների ազատությունը և քաղաքացիական համերաշխությունը։ Կարծում եմ, որ Անկախության հռչակագրում ու Սահմանադրության նախաբանում հաստատագրված սկզբունքներն ու համազգային նպատակները պետք է լինեն այն բարոյական և իրավաքաղաքական կարևոր ուղենիշը, որն այսօր առավել քան երբևէ պետք է ծառայի որպես մեր հասարակական կյանքի ու քաղաքացիական համերաշխության ապահովման առանցքային ելակետ։
Ուստի յուրաքանչյուրիս առաքելությունը պետք է լինի ոչ միայն Սահմանադրությամբ ամրագրված արժեքների և համազգային նպատակների ճանաչումը, այլև դրանք մեր ամենօրյա կյանքի ու կենսակերպի բաղկացուցիչ տարր դարձնելը:
Այս օրը լավ հնարավորություն է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին վերաիմաստավորի Սահմանադրության, ինքնիշխան պետականության և ազգային միասնականության բարձր արժեքը։ Հենց այդ վերաիմաստավորումը պետք է լինի մեր Հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, սերունդների ազատությանը և ընդհանուր բարեկեցությանը հասցնող ուղին։
Աստված պահապան մեր Հայրենիքին և բոլորիս»։