Մեքենայով 90 մետր բարձրությունից ընկած զույգին փրկել է սմարթֆոնը
ДругоеԱՄՆ Կալիֆորնիայում սմարթֆոնն օգնել է մեքենայով 90 մետր բարձրությունից ընկած զույգին փրկվել ու դուրս գալ Կապիկների կիրճից։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։
Երեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 13-ին, 23-ամյա Քլոե Ֆիլդսն ու նրա ընկերը՝ 24-ամյա Քրիստիան Սելադան, երթևեկում էին Կապիկների կիրճի մոտով։ Ինչ-որ պահի նրանց մեքենայի հետևում հայտնվել է սպիտակ Mercedes-Benz-ով մի կին և սկսել ազդանշան տալ։
Սելադայի խոսքով՝ որոշել էր թույլ տալ, որ նա անցնի, սակայն այդ պահին նրա մեքենան անցել է մանրախիճի վրայով, կորցրել հավասարակշռությունը, բախվել մի քանի ծառերի, գլորվել ու ընկել ձորը։ Զույգը հրաշքով ողջ է մնացել. «Հիշում եմ՝ կրկնում էի՝ «լավ ենք, լավ ենք», երբ մեքենան ներքև էր թռչում»,- ասել է Ֆիլդսը։
Այն բանից հետո, երբ Քլոեն և Քրիստիանը դուրս են եկել մեքենայից, նրանք բախվել են խնդրի․ ձորում հեռախոսները կապ չէին տալիս և իրենք չէին կարողանում փրկարարներին կանչել։ Սակայն շուտով պարզ դարձավ, որ ամեն ինչ այնքան էլ անհույս չէ։ Չնայած այն հանգամանքին, որ Ֆիլդսի հեռախոսի էկրանը կոտրվել էր, այն շարունակում էր աշխատել և առաջարկել էր սեփականատիրոջը դիմել շտապօգնության ծառայություն՝ օգտագործելով Emergency SOS ֆունկցիան, որն աշխատում է արբանյակի միջոցով։ Հեռախոսը օգտատիրոջ՝ մի քանի կարճ հարցերի պատասխանները փոխանցում է փրկարար ծառայությանը, ինչպես նաև հայտնում է անձի գտնվելու վայրը։
Ծառայության աշխատակիցներն արձագանքել են կանչին և նշված վայր ուղարկել փրկարարներ։ Նրանք ժամանել են ուղղաթիռով, վերցրել տուժածներին ու տեղափոխել հիվանդանոց։ «Մենք ունենք միայն դեմքի կապտուկներ, կտրվածքներ, պարանոցի հատվածում մի փոքր ցավ և թեթև ուղեղի ցնցում», - ասել է Ֆիլդսը: Որոնողափրկարարական խմբի համակարգողը նշել է, որ նման միջադեպերը սովորաբար ավարտվում են մահով, ուստի Քլոեի ու Քրիստիանի դեպքն իսկական հրաշք է։