Ջրային պարեկները քննություն են տվել․ ծառայությունը կսկսվի աշնանը
ОбществоԱպրիլի 26-ին իրականացվել է ջրային պարեկային ծառայության դիմորդների ընդունելության լողավազանային ստուգման փուլը։ Տեղեկանում ենք Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։
Ստուգմանը մասնակցում էին ծառայության անցնելու համար նախապես հայտագրված պարեկային ծառայողները, որոնց թվում նաև կանայք էին, ովքեր նույնպես ցանկություն ունեին ծառայության անցնել ստեղծվելիք ջրային պարեկային ծառայությունում։
Ստուգման համար նախատեսված չափորոշիչները մշակվել են` հիմք ընդունելով միջազգային փորձն ու ոլորտի փորձագետների, լողի ոլորտում բազում տարիների փորձառություն ունեցող մասնագետների կարծիքները։
Դիմոդների ընդունելությունն իրականացվում էր ՆԳՆ ոստիկանության պետի հրամանով ստեղծված հանձնաժողովի անդամների կողմից, որի կազմում ներգրավված էին ինչպես պետական, այնպես էլ միջազգային կառույցների ներկայացուցիչներ:
Ստուգման ամբողջ գործընթացին հետևում էին նաև դիտորդներ տարբեր կառույցներից։
Հանձնաժողովն ստուգում էր մարզական որևէ լողաոճում (ըստ ցանկության) 50 մ լողատարածությունը հաղթահարելու մակարդակը և մարմինը ջրի մեջ, գլուխը ջրից դուրս ստատիկ վիճակում ուղղահայաց պահելու կարողությունը (պարտադիր)։
Ստուգման փուլի ավարտին հանձնաժողովը ամփոփեց արդյունքները՝ ըստ որի ստուգման փուլը հաղթահարեց հիսունութ դիմորդ:
Համապատասխան միավորներ վաստակած պարեկ դիմորդները վերապատրասում են անցնելու ինչպես տեսական, այնպես գործնական փուլում,այդ թվում պրակտիկա են անցնելու Սևանա լճի տարածքում։ Վերապատրաստման դասընթացը հաջողությամբ ավատողները ծառայության կանցնեն ջրային ստորաբաժանումում։
Ջրային պարեկային ծառայությունը գործելու է Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճում և ափամերձ տարածքներում։
Համագործակցելու է մարզի այն գերատեսչությունների հետ, որոնք անմիջականորեն առնչվում են ծառայությանը։
Ջրային պարեկային ծառայությունը իրավապահ համակարգ բերելու է նոր ոճ և ձեռագիր՝ հանցագործությունների նախականխման, կանխման և խափանման, ինչպես նաև զբոսաշրջիկների և հովեկների պատշաճ ու անվտանգ հանգիստը կազմակերպելու գործում։
Ջրային պարեկային ծառայության պաշտոնական մեկնարկը կտրվի աշնանը։