Պուտինն իսկապես կարող է միջուկային զենք կիրառել. Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը կարող է իսկապես կիրառել մարտավարական միջուկային զենք։ Նրա խոսքերը մեջբերում է Reuters-ը։
«Երբ ես այստեղ ասացի մի քանի տարի առաջ, որ անհանգստանում եմ Կոլորադո գետի չորացման համար, բոլորը ինձ նայեցին այնպես, կարծես ես խելագար եմ: Նրանք ինձ այդ նույն կերպ նայեցին, երբ ես ասացի, որ անհանգստանում եմ Պուտինի կողմից մարտավարական միջուկային զենք օգտագործելու համար: Դա իրական սպառնալիք է»,- ասել է Ջո Բայդենը։
Գործակալությունը նշում է, որ վերջին հանդիպման ժամանակ ամերիկացի նախագահը «լիովին անպատասխանատու» է անվանել Բելառուսի տարածքում տակտիկական միջուկային զենք տեղակայելու Վլադիմիր Պուտինի որոշումը։ Պուտինը նախկինում բազմիցս ասել է, որ Ռուսաստանը միջուկային զենք առաջինը չի օգտագործի, քանի որ այն դիտարկում է՝ որպես պաշտպանության միջոց։
Մարտի 25-ին Ռուսաստանի նախագահը հայտարարեց, որ Բելառուսում կտեղակայվի ռուսական մարտավարական միջուկային զենք։ Հունիսի 9-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը նա պարզաբանել է, որ միջուկային զենքի տեղակայումը կսկսվի հուլիսի 7-8-ից հետո, երբ կավարտվի իր համար օբյեկտների պատրաստումը։ Լուկաշենկոն պնդում է, որ կարող է «առանց վարանելու» օգտագործել ռուսական միջուկային զենքը, բայց միայն Բելառուսի վրա հարձակման դեպքում։