Տոնում ենք մի քաղաքի տոն, որի ծնունդը կապված է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ․ Սյունիքի մարզպետ
ОбществоՍյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր մասնակցել է Քաջարան քաղաքի հիմնադրման 65-ամյակին նվիրված միջոցառումներին, հայտնում են Սյունիքի մարզպետարանից։
Օրն սկսվել է հայրենիքի համար կյանքը զոհած քաջարանցիների հիշատակին ծաղկադրումով, որին մասնակցել են նաև ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Քաջարանի համայնքային իշխանությունը, «ԶՊՄԿ» ՓԲԸ ղեկավարությունը, քաղաքի հյուրերն ու բազմաթիվ քաջարանցիներ։
Տոնական հանդիսությունների շարքում այսօր քաղաքի Շիրվանզադեի փողոցում՝ խաղահրապարակ, Լեռնաձոր գյուղում, Բակունցի և Շահումյան փողոցներում պուրակներ բացվեցին։ Դրանք իրականացվել են կառավարություն-համայնք համաներդրմամբ սուբվենցիոն ծրագրերով, որոնց մասնակից է դարձել նաև Զանգեզուրի ՊՄԿ-ն։
Քաջարանի մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ, որի ընթացքում, շնորհավորելով քաջարանցիներին, Ռոբերտ Ղուկասյանը մասնավորապես նշեց․ «Տոնում ենք մի քաղաքի տոն, որի ծնունդն ուղղակիորեն կապված է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ․ այո՛, ամեն տեղ տեսնում ենք ընկերության կողմից արվող աշխատանքը, և կառավարություն-համայնք-կոմբինատ եռյակը շատ հաջողված է աշխատում Քաջարանում։ Քաղաքը նոր տեսք է ստանում ու զարգացման նոր ուղի է բռնել»։
Ներկաներին շնորհավորեցին նաև Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ տեր Մակար վարդապետ Հակոբյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, «ԶՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին, Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը։