«Արմավիր» ՔԿՀ-ում սննդի միջից կպչուն ժապավենով փաթեթ են գտել, որում եղել է ափիոնի նմանվող զանգված
ПравоՀոկտեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տարբեր ստորաբաժանումների կողմից կանխվել է թմրամիջոցների և արգելված իրերի փոխանցման երկու դեպք:
Ժամը 12:15-ի սահմաններում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, իրացնելով նույն բաժնում նախապես ստացված օպերատիվ տեղեկությունները, զննության են ենթարկել սնունդը, որը բաժանվում էր դատապարտյալներին հիմնարկի տեխնիկատնտեսական աշխատանքներում ներգրավված դատապարտյալ Տ.Գ.-ի կողմից:
Արդյունքում՝ սնունդի միջից հայտնաբերվել է կարմիր, կպչուն ժապավենով փաթեթ, որում առկա են եղել ևս 2 առանձնացված փաթեթներ: Նշված փաթեթներից հայտնաբերվել են ափիոն տեսակի թմրամիջոցին նմանվող, 1,42 և 2,12 գրամ քաշերով զանգվածներ:
Հայտնաբերվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին:
Նույն ժամանակահատվածում հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Ա.Ղ.-ի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացուհի Կ.Ա.-ին: Խուզարկությամբ վերջինիս հագի կոշիկների միջից հայտնաբերվել և առգրավվել է 2 բջջային հեռախոս:
Կ.Ա.-ն հայտնել է, որ նշված հեռախոսներն իր հետ բերել էր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ՝ կալանավորված անձ Ա.Ղ.-ին փոխանցելու համար: Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր: