ՔՊ-ական պաշտոնյաների աշխատանքի ՕԳԳ-ն. Ռոբերտ Ղուկասյան
АналитическийՇարունակելով անդրադառնալ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքի ՕԳԳ-ին՝ այսօր կխոսենք Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի մասին:
Մարդկանց սովի մատնելով` սեփական նպատակին հասնելն անընդունելի է ժամանակակից աշխարհում, ահա այսպիսի կարծիք ուներ և վստահ ենք՝ այսօր էլ ունի Սյունիքի մարզպետն Արցախում տեղի ունեցող գործընթացների շուրջ: Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումից հետո Ղուկասյանը հայտարարել էր․ «Ինչպես մեծահասակները, այնպես էլ երեխաները սովի են մատնված են, և Ադրբեջանը խոսում է ինտեգրման մասին: Բայց, ըստ երևույթին, դրանով ուզում են հասնել ինտեգրման, մարդկանց սովի մատնելով, ինչն անընդունելի է մեզ բոլորիս համար։ Սա միակ ճանապարհն է, և բեռը պետք է հասնի հասցեատիրոջը։ Հակառակ դեպքում, մենք, պարզապես, կդառնանք աղետի լուռ վկաներ»:
Այսօր, ցավոք, Արցախը այլևս կորսված է՝ առաջին հերթին հենց այն քաղաքական թիմի վարած քաղաքականության հետևանքով, որի մի մաս է համաձայնել դառնալ Ղուկասյանը՝ ստանձնելով Սյունիքի մարզպետի պաշտոնը: Սակայն, արդյոք մարզպետը չի ցանկանում շատ ավելի հասցեական գնահատականներ տալ ստեղծված իրավիճակին և այդ իրավիճակի ձևավորման հիմնական մեղավորներին: Հատկապես, մի դեպքում, երբ բոլորն էլ քաջ գիտակցում են, որ Արցախից հետո հերթը Սյունիքինն է: Այն Սյունիքինը, որի զարգացման և բարեկեցության համար մինչ հեղափոխությունը տարիներ շարունակ աշխատել է Ռոբերտ Ղուկասյանը:
ՔՊ-ական պաշտոնյաները շարունակում են մեկ անձից գնումներ կատարելու ռեկորդներ սահմանել: Այս առումով հետ չի մնում նաև Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը: Դիցուք՝ Սյունիքի մարզպետարանը 2,430,000 դրամի դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում և տրանսպորտային ծախսերի փոխհատուցման ծառայություններ է ձեռք բերել «ԿԱՐԵՆ-ԳԱՐԻԿ» ՍՊԸ-ից: 350,000 դրամի ավտոմեքենայի վերանորոգման ծառայություն է ձեռք բերվել Ա/Ձ ՎԱԼԵՐԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ-ից: 1,494,000 դրամի դրոշներ են ձեռք բերվել Ա/Ձ Թամարա Պողոսյանից: 135,000 դրամի հուշանվերներ են ձեռք բերվել «Վեգա Ուորլդ» ՍՊԸ-ից։ 991,000 դրամի պաշտոնական պատվիրակության ընդունելության շրջանակում ճաշկերույթի կազմակերպման ծառայություններ են գնվել «ՍԻԼԿ ՌՈՈՒԴ-ՍՊԸ»-ից: 438,000 դրամի ծառայություն է գնվել «ՍՅՈՒՆԷԴ» ՍՊԸ-ից: 468,435 դրամի տնտեսական ապրանք է գնվել Ա/Զ Ծովինար Գևորգյան Լենդրուշից:
Սակայն, կան նաև դրական արդյունքներ, որոնց չենք կարող չանդրադառնալ: Այսպես, մարզպետարանի ջանքերով Կապանում մեկնարկել են ընտանեկան բժշկական շարժական թիմերի գործունեությունն այն գյուղերում, որտեղ առողջապահական ծառայությունները սահմանափակ են։ Բացի այդ, ՀՀ ԱՍՀՆ «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում բացվել էր հանրապետությունում երկրորդ «Barnahus»-ը կամ «Ապահով անկյունը»։ Սա բազմամասնագիտական, հատուկ հարմարեցված անկյուն է, որը ծառայելու է բռնությունից տուժած կամ բռնության ականատես երեխաների պաշտպանությունն իրենց լավագույն շահին համահունչ դարձնելու և բարելավելու նպատակին: Մարզպետարանի ջանքերով մեկնարկել է նաև «Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման ծրագիրը»: Տասնմեկ միլիոն եվրո բյուջե ունեցող հնգամյա ծրագրի նպատակն է Սյունիքում նպաստել փոքր և միջին բիզնեսների մրցունակության բարձրացմանը և օժանդակություն տրամադրել համայնքային փոքր ենթակառուցվածքների վերականգնման համար։
Վերջում ավանդույթի համաձայն հիշեցնենք, թե հայ պաշտոնյաների արտասահմանյան գործընկերներն ինչ պատճառներով և առիթներով են հրաժարականի դիմումներ ներկայացրել: Եվ այսպես, Օրեգոն նահանգի ղեկավար Ջոն Կիցհաբերը հրաժարականի դիմում էր ներկայացրել միայն ․․․ գործընկերների կողմից քննադատության արժանանալու և իր հարսնացուի անվան շուրջ շրջանառվող սկանդալի ֆոնին: