Հեղափոխական պաշտոնյաների աշխատանքի ՕԳԳ-ն. Վահե Հովհաննիսյան
АналитическийՇարունակելով անդրադառնալ հեղափոխական պաշտոնյաների աշխատանքի արդյունավետությանը` այսօր կխոսենք ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանից:
Դիցուք՝ վերջին օրերին նախարարը հայտնվել էր ռեզոնանսային պատմության կիզակետում այն բանից հետո, երբ ԱԺ-ում հայտարարել էր, որ ԼՂ կառավարության և վերջինիս կողմից ստեղծված հիմնադրամների ԼՂ ֆիզիկական և իրավաբանական անձանց վերակառուցման ենթակա պարտավորությունները ՀՀ ֆինանսաբանկային համակարգի հանդեպ 2023 թվականի դեկտեմբերի 29-ի դրությամբ կազմել են շուրջ 315 մլրդ դրամ, որոնց գերակշիռ մասի սպասարկումը` ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակով, անհնար է դարձել: Ասել է, թե նախարարը շեշտում էր, որ արցախցիները Հայաստանին հսկայական գումարներ են պարտք:
Նախարարությունը հայտնվեց քննադատության ալիքի տակ նաև այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Հայաստանում մի շարք ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափերը նույնպես կբարձրանան։ Ազգային ժողովը հունվարի 13-ի լիագումար նիստում առաջին ընթերցմամբ քննարկել էր ՀՀ Հարկային օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարվող փոփոխությունները և ընդունել դրանք:
Մեկ այլ օրինակ: Վերջերս կառավարությունում, հասարակության աչքից ու ականջից հեռու, մի որոշում են ընդունել, որով հաստատել են հարկային եկամուտների կառավարման ծրագիրը։ Այն վերաբերում է առաջիկա 3 տարիների հարկային քաղաքականությանը։ Կառավարությունը պատրաստվում է ընդլայնել հարկման բազան, կրճատել հարկային արտոնությունները, բարձացնել հարկային բեռը, վերանայել հարկերի ու պարտադիր վճարների քանակը։ Վերջինը, բնականաբար, վերաբերում է դրանց ավելացմանը։
Հարկերի կամ պարտադիր վճարների թվաքանակի ավելացման պարագայում էլ կառավարությունը դիտարկում է նոր հարկերի կամ պարտադիր վճարների ներմուծում։ Խոսքն առաջին հերթին վերաբերում է եկամուտների համընդհանուր հայտարարագրմանը։ Ըստ ֆիննախի՝ արդեն 2024թ. նախատեսվում է, որ այդ համակարգը կսկսի աշխատել. նախորդ տարվա եկամուտների հիման վրա կներկայացվեն եկամուտների հայտարարագրերը։ Ներկայացված հայտարարագրերի հիման վրա էլ ակնկալվում է հարկել մարդկանց եկամուտները։ Այդ թվում՝ այն եկամուտները, որոնք ստացվել են, ասենք, արտագնա աշխատանքի կամ օգնության տեսքով դրսից հարազատների կատարած փոխանցումների տեսքով։
Նախարարը, սակայն, աչքի է ընկել նաև կատարված դրական քայլերով: Մասնավորապես, նախարարության ջանքերով քննարկվել է կրթության ոլորտում ԵՄ բյուջետային աջակցության ավելացման հարցը: ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1 տրիլիոն 895.4 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 14%-ով կամ 232.9 մլրդ դրամով: ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 1 տրիլիոն 914.4 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 14.3%-ով կամ 238.9 մլրդ դրամով: