Հեղափոխական պաշտոնյաների աշխատանքի ՕԳԳ-ն. Գարեգին Բաղրամյան
АналитическийՇարունակելով ներկայացնել հեղափոխական պաշտոնյաների աշխատանքի արդյունավետությունը, այսօր կանդրադառնանք ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանին:
Թվում էր, թե հեղափոխությունը չի շրջանցի նաև ՀԾԿՀ-ն և կառույցը նույնպես կբարեփոխվի` թոթափելով նախկին իշխանությունների օրոք ձևավորված մի շարք վատ ավանդույթներից։ Սակայն, Գարեգին Բաղրամյանը որոշեց առաջնորդվել փորձված մածունի սկզբունքով և թերևս դա է պատճառը, որ վերը նշված ավանդույթները այսօր բարեհաջող կերպով շարունակվում են։
ՀԾԿՀ-ն զերծ մնաց ռեֆորմացվելուց, չնայած, ակնհայտ է, որ դրա կարիքը կառույցը ուներ։ Փոխարենը` Բաղրամյանը սկսեց հանրության գլխի տակ փափուկ բարձ դնելու քաղաքականություն վարել: ՀԾԿՀ ներկայիս նախագահ Գարեգին Բաղրամյանը թե էներգետիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնելիս, թե ներկայիս պաշտոնում հայտարարում և խոստանում էր, որ կատարված լուրջ աշխատանքի արդյունքում էլեկտրաէներգիան ոչ միայն չի թանկանա, այլ մի բան էլ կէժանանա: 2019 թվականին նա լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ իտալական «Ռենկո» ընկերության 250 մեգավատտ հզորությամբ էլեկտրակայանի աշխատանքի շնորհիվ էլեկտրական էներգիայի սակագինը կիջնի շուրջ 4 դրամով, սպառողների համար, սակայն սակագինը կնվազի մոտ 1-1.5 դրամով: Էլեկտրակայանի կառուցումից հետո հոսանքի գինը կլինի 27.4 դրամ մեկ կվտ ժամի համար: «Հրազդանի ՋԷԿ-ը արդեն հին կայան է, ունի ցածր ՕԳԳ և իր ռեսուրսն արդեն սպառում է այս տարի, ուստի նոր էլեկտրակայանը գալիս է իրեն փոխարինելու: Հրազդանի ՋԷԿ-ը հոսանքն արտադրում է բավականին թանկ սակագնով. միայն վառելիքային բաղադրիչը 31.5 դրամ է, բացի վառելիքային բաղադրիչը 10 դրամ էլ ունի իր ծախսերի ապահովման համար՝ կախված կիլովատ ժամից»,- ասել էր նա: Էլեկտրակայանը բացվեց ամիսներ առաջ, ներկա էր նաև վարչապետ Փաշինյանը, իսկ արդեն դեկտեմբերին Գարեգին Բաղրամյանը հանրությանը ավետում և փաստի առջև է կանգնեցնում` հայտարարելով, որ էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխությունը անխուսափելի է:
Բաղրամյանը հաջողեց տապալել նաև էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման գործընթացը, որը մեկնարկել էր դեռևս 2017 թվականից: Այն տեմպերը, որով այսօր առաջ է գնում այսպես կոչված` ազատականացումը, հուշում է, որ ՀԷՑ-ի մենաշնորհը դեռ երկար կգոյատևի Նոր Հայաստանում: Թեև հայտարարվում է որ այս տարվա փետրվարի 1-ից անցում է կատարվել էլեկտրաէներգետիկայի նոր մոդելին, այդ մոդելը դեռևս չի ուրվագծվել:
Ինչպես գիտենք` ՀԾԿՀ գործառույթների մեջ է մտնում նաև մրցակցության խթանումը և սպառողների շահերի պաշտպանությունը: 2021 թվականի տարեկան հաշվետվությունը հուշում է, որ իր առջև դրված այս խնդիրը հանձնաժողովին լուծել չի հաջողվել:
Միևնույն ժամանակ, չենք կարող չնշել նաև այն դրական քայլերը, որոնք արվել են կառույցի կողմից:Ամիսներ առաջ ՀԾԿՀ նախագահի հրամանով ստեղծվել էր աշխատանքային խումբ, որը 2020 թվականի մայիսի 4-8-ը ՀԷՑ-ի կողմից առանձին սպառողներին առաքված էլեկտրաէներգիայի քանակի հնարավոր հավելագրումների փաստի ուսումնասիրության նպատակով ընկերության «Արարատ», «Աշտարակ» եւ «Աբովյան» էլեկտրական ցանցերում իրականացրել էր մոնիթորինգ: Արդյունքում ՀԷՑ-ը տուգանվել էր 10 միլիոն դրամով: Բացի այդ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մերժել է «ՄՏՍ Հայաստան»-ի վաճառքի համաձայնության տրամադրումը։ Հիշեցնենք, այդ գործընթացը հանրության մոտ մի շարք օբյեկտիվ հարցեր և մտավախություններ էր առաջացրել: