ՌԴ նախագահի ևս մեկ թեկնածու է հրաժարվել ընտրություններին մասնակցությունից
Россия«Ռուսական ազատություն և արդարություն» կուսակցության հիմնադիր Անդրեյ Բոգդանովն ասել է, որ հրաժարվել է ընտրարշավին հետագա մասնակցությունից, գրում է ՌԻԱ Նովոստին։
Չորեքշաբթի օրը՝ ՌԴ ԿԸՀ նիստից առաջ, Բոգդանովը ներկայացրել է Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրություններում իր թեկնածությունը պաշտպանելու համար հավաքագրված ստորագրությունները, իսկ հանդիպման ընթացքում՝ ԿԸՀ նախագահի տեղակալ Նիկոլայ Բուլաևը հայտնել է, որ թեկնածուն հայտ է ներկայացրել իր հրաժարականի և նախագահական ընտրապայքարից դուրս գալու մասին։
«Ես հայտ եմ ներկայացրել ընտրություններից իմ թեկնածությունը հանելու մասին՝ օտարերկրյա հաշվեհամարի հայտնաբերման պատճառով, որը չեմ հասցրել փակել»,- լրագրողներին ասել է Բոգդանովը։
Ավելի ուշ նա պարզաբանել է, որ խոսքը արտասահմանյան բանկերում մի քանի հաշիվների մասին է։
Հարցին, թե ում է սատարելու մարտին կայանալիք նախագահական ընտրություններում, Բոգդանովը պատասխանել է, որ իրեն ոչ ոք չի խնդրել հանել իր թեկնածությունը ընտրապայքարից և առայժմ ոչ մեկին չի սատարում։
Դաշնային խորհուրդը նախագահական ընտրությունները նշանակել է 2024 թվականի մարտի 17-ին։
Քվեարկությունը կտևի երեք օր՝ մարտի 15-ին, 16-ին և 17-ին։
Այս պահին պետության ղեկավարի պաշտոնին հավակնում է 8 մարդ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՌԴ նախագահի ևս երկու թեկնածու հրաժարվել է ընտրություններին մասնակցությունից։