Պարեկի ու քրեագետի շնորհիվ նռնակը չպայթեց
Чрезвычайный случайԱյսօր՝ փետրվարի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի կրտսեր պարեկ Վիգեն Դուրյանը ծառայությունից տուն գնալիս Տիչինայի փողոցում աղբամանների մոտ նկատել է երեխաների:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխաների վարքագիծը կասկած է առաջացել պարեկի մոտ, և նա մոտենալով նրանց, նկատել է, որ երեխաները նռնակի նմանվող առարկայի հետ են խաղում:
Պարեկը երեխաներին, որոնք եղել են 5 հոգի, տարհանել է նշված վայրից, ապա դեպքի մասին տեղեկացրել ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանին:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Էդգար Գրիգորյանն ու կրտսեր պարեկ Տարոն Անտոնյանը:
Ահազանգով ժամանել են նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ:
Դեպքի մասին ոստիկանության Մալաթիայի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի և քրեագետի գլխավորությամբ: Քրեագետը վնասազերծել է նռնակը և այն տեղափոխել անվտանգ վայր:
Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվելու են՝ ինչ հանգամանքներում է նռնակը հայտնվել աղբամանների մոտ: