26-ամյա վարորդը «Mercedes»-ով կոտրել է գազախողովակներն ու հայտնվել դաշտում
Чрезвычайный случайԵրեկ՝ փետրվարի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 10։20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Վարդան Մ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի Եղվարդի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհին տեղադրված գազատար խողովակներին, կոտրել դրանք և հայտնվել դաշտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Եղվարդ քաղաքի հիվանդանոց, որտեղ բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել է հիվանդանոցում մնալուց։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Արշակ Գրիգորյանն ու կրտսեր պարեկ Արայիկ Հովհաննիսյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Նաիրիի տեղամասի վթարավերականգնողականի աշխատակիցները, ովքեր մի քանի ժամ շարունակ աշխատանքներ են իրականացրել վթարը վերականգնելու և գազամատակարարումը վերականգնելու ուղղությամբ։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում։