Հայաստանի օրակարգում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց այս պահին չկա․ Միրզոյան
ПолитическиеՀայաստանի օրակարգում այս պահին ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց չկա։
Արգենտինյան "Todos Noticias” հեռուստատեսությանը տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Անդրադառնալով հարցին, թե պլանավորո՞ւմ է արդյոք Հայաստանն ավելի մոտ լինել ՆԱՏՕ-ին՝ Արարատ Միրզոյանը պատասխանել է․ «Մենք արդեն իսկ ՆԱՏՕ- հետ համագործակցություն ունենք, մենք մասնակցում ենք խաղաղապահ գործողությունների, մենք եղել ենք Աֆղանստանում, մենք վերջերս ավելացրել ենք մեր խաղաղապահների թիվը Կոսովոյում։ Մենք համագործակցության ֆորմատ ունենք։ Եթե Դուք նկատի ունեք ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտը կամ ձգտումները, ոչ, Հայաստանի օրակարգում այս պահին նման հարց չկա»։
Խոսելով ԵՄ-ի հետ փոխգործակցության մասին՝ ՀՀ ԱԳ նախարարն ասել է, որ Հայաստանի քաղաքացիները, Հայաստանի ժողովուրդն ունի եվրոպական ձգտումներ։ Միրզոյանն այս համատեքստում հիշեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Եվրոպական խորհրդարանում, որ Հայաստանը պատրաստ է այնքան մոտ լինել Եվրոպական Միությանը, որքան Եվրոպական Միությունը դա հնարավոր կհամարի։