Նախագիծ` միտված ապաստան հայցողների իրավունքների պաշտպանությանը
ПолитическиеԱռաջարկվող լրացմամբ նախատեսվում է հասարակական կազմակերպություններին հնարավորություն ընձեռել վերահսկողություն իրականացնելու ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնի գործունեության նկատմամբ. ներկայացնելով ««Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը` ասել է Ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը:
Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 2-ի նիստում:
Հիմնական զեկուցողի խոսքով ակնկալվում է, որ նման վերահսկողության առկայությունը Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությանը հնարավորություն կտա վեր հանել ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնում առկա խնդիրները եւ այնտեղ բնակվող անձանց իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ քայլերն ավելի արդյունավետ կազմակերպել:
Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն համապատասխան իրավական հիմքերն ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնում հասարակական վերահսկողություն իրականացնելու նպատակով հասարակական դիտորդների խմբի ստեղծման համար, ինչը կամրապնդի հասարակական կազմակերպությունների ու Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության համագործակցությունը, հնարավորություն կստեղծի ապահովելու ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնի գործունեության թափանցիկությունը:
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հետաքրքրվել է ապաստան հայցողների թվով եւ թե որ երկրներից են ապաստան հայցողները, ինչին ի պատասխան` Արմեն Ղազարյանը հայտնել է, որ 2020 թվականին ապաստան հայցողների թիվը կազմել է 206, 2021 թվականին` 260, 2022 թվականին` 968, ինչը հիմնականում պայմանավորված է եղել Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերով, 2023 թվականին` 817 անձ: Առաջին տեղերում ավանդաբար Մերձավոր Արեւելքի երկրներից` Իրաքից, Սիրիայից, Եգիպտոսից դիմողներն են, 2022 եւ 2023 թվականներին միտումը փոխվել է. հիմնականում դիմել են Ուկրաինայից, Սիրիայից, Իրաքից: Հնդկաստանի քաղաքացիներից ապաստանի դիմումներ չեն եղել, ստացվել է 1-2 դիմում:
Հարակից զեկույցում Ալխաս Ղազարյանը դրական է գնահատել նախագիծը` նշելով, որ այն միտված է ապաստան հայցողների իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաեւ ժամանակավոր տեղավորման կենտրոնի գործունեության թափանցիկության ապահովմանը:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին:
Մինչեւ երկու ամսով հետաձգվել է պատգամավոր Արփինե Դավոյանի հեղինակած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում նախատեսող օրենքի նախագծի Շրջանառությունից հանվել է «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքում եւ կից օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը: