Կան և՛ հակասություններ, և՛ փոխադարձ պահանջներ․ Հայաստանում ՌԴ դեսպանատուն
ИностранныйՌուսաստանի և Հայաստանի միջև սերտ դաշնակցային կապերը համապատասխանում են ինչպես ռուսների, այնպես էլ հայերի հիմնարար, իրական շահերին: Այս մասին ասված է Հայաստանում ՌԴ դեսպանատան տարածած հայտարարության մեջ։
«32 տարի առաջ՝ 1992 թվականի ապրիլի 3-ին, դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության՝ հին պատմություն ունեցող հետխորհրդային երկու նոր պետությունների միջև։ Այս համաձայնագիրը նշանավորեց նոր փուլի սկիզբը մեր երկրների հարաբերություններում, որոնց ժողովուրդները միշտ միմյանց վերաբերվել են ամենաբարեկամական և ջերմ զգացմունքներով։ Այս հիմնական փաստաթղթից ընդամենը մի քանի տարի անց երկու երկրների միջև ստորագրվեց Բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագիրը, և դա պատահական չէ։
Ռուսաստանը միշտ առանձնահատուկ նշանակություն է տվել բարեկամական կապերի ամրապնդմանը Հայաստանի հետ՝ որպես դաշնակից և կարևոր գործընկեր։ Նաև ընդհանուր ավանդական արժեքներին և ազգային ինքնությանը հավատարիմ մեր ժողովուրդները միշտ բաց և շահագրգռված են եղել փոխադարձ երկխոսության մեջ։ Անցած ժամանակի ընթացքում մենք երկար ճանապարհ ենք անցել: Դրական, կառուցողական փոխգործակցության անգնահատելի փորձ է կուտակվել՝ ի շահ երկու շահագրգիռ կողմերի։
Նշվում է, որ երկու երկրներն էլ անդամակցում են ընդհանուր ինտեգրացիոն ասոցիացիաներին՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ, և համագործակցում են ՄԱԿ-ի կառույցներում և այլ միջազգային ձևաչափերում։ Երկրների միջև գործում են շուրջ երկու հարյուր համագործակցության համաձայնագրեր տարբեր ոլորտներում, և կան բազմաթիվ մեխանիզմներ երկկողմ համագործակցության համար գրեթե բոլոր ոլորտներում։
Անվտանգության ոլորտը շատ կարևոր դեր է խաղում հարաբերությունների համալիրում։ 102-րդ ռուսական ռազմակայանը և ռուս սահմանապահների ներկայությունը մնում են անգնահատելի գործոն Հայաստանում և Հարավային Կովկասում կայունության ապահովման գործում։
Տնտեսական ոլորտում համագործակցությունը դինամիկ է զարգանում։ Ռուսաստանը Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է՝ ընդհանուր 35,4 տոկոս մասնաբաժինով արտաքին առևտրում, ինչպես նաև հիմնական ներդրողն է՝ ավելի քան 40 տոկոս մասնաբաժնով։
Հայաստանի նախորդ տարվա բարձր տնտեսական ցուցանիշները (ՀՆԱ-ի աճը կազմել է մոտ 8%), շատ փորձագետների կարծիքով, մեծապես պայմանավորված են Ռուսաստանի հետ համագործակցությամբ, ինչպես նաև ԵԱՏՄ-ին անդամակցությամբ։ Հատկանշական է, որ միության երկրներից 2023 թվականին տնտեսական աճի տեմպերով առաջատարը Երևանն է։ 2023 թվականին Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ երկրներ աճել է 41%-ով և կազմել 3,6 մլրդ դոլար։
Հայաստանն ամենաշատը Ռուսաստանում է ապրանքներ վաճառել՝ 3,4 մլրդ դոլար, և ԵԱՏՄ բոլոր երկրների հետ ապրանքաշրջանառության զգալի աճ է գրանցվել։
«Շատ բան է փոխվել վերջին տասնամյակների ընթացքում։ Փոխվել են և՛ իրենք երկրները, և՛ աշխարհը, որում ապրում ենք։ Ցավոք սրտի, մեր շփման մեջ կան և՛ հակասություններ, և փոխադարձ պահանջներ։ Բայց երկկողմ հարաբերությունների հիմքը մնում է նույնը։ Ռուսաստանի և Հայաստանի միջև սերտ դաշնակցային կապեր, փոխգործակցություն բոլոր ոլորտներում. ահա թե ինչն է համապատասխանում ինչպես ռուսների, այնպես էլ հայերի հիմնարար, իրական շահերին: Մենք վստահ ենք, որ Մոսկվայի և Երևանի միջև ուղիղ երկխոսության արդյունքում կուտակված անհավասարակշռությունների շտկումը և «դաշնակցային նորմալությանը» վերադարձը ոչ միայն հնարավոր է, այլև միակ ողջամիտ լուծումը»,– ասվում է հաղորդագրության մեջ։