Հայաստանը շարունակելու է զարգացնել Իրանի հետ ռազմավարական հարաբերությունները․ Արմեն Գրիգորյան
ПолитическиеՀանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը անդրադարձել է հայ-իրանական հարաբերություններին։
Մասնավորապես, Գրիգորյանը նշել է, որ ՀՀ-ն Իրանի հետ հարաբերությունները չի փոխկապակցում այլ երկրների հետ ։
«Հայաստանի ռազմավարական առաջնահերթություններից մեկը երկրի տարածքային ամբողջականությունն է, որի հետ կապված Իրանի հետ կա շատ բարձր մակարդակի փոխըմբռնում։ Մենք շատ բարձր ենք գնահատում Իրանի հետ հարաբերությունները։ Իրանի հետ մեր հարաբերությունները ռազմավարական են այն առումով նաև, որ կարողացել ենք շատ բարդ քննարկումներ ունենալով, բաց, անկեղծ խոսակցության շրջանակներում կառուցել շատ ամուր հարաբերություններ»,- ասել է Գրիգորյանը։
Անդրադառնալով ընդդիմությունից հնչող կարծիքներին, թե Հայաստանի կողմից Արևմուտքի հետ հարաբերությունների սերտացումը Իրանի դեմ ուղղված քայլ է, ԱԽՔ Արմեն Գրիգորյանը պատասխանել է․
«Եթե Իրանը ինչ-որ հարց է բարձրացնում, մենք փորձում ենք հասցեագրել դա, մենք շարունակելու ենք այս ուղղությամբ աշխատել։ Բայց ես կարող եմ ասել, որ շատ դեպքերում, Հայաստանի և Իրանի ռազմավարական շահերը բնական են, շատ դեպքերում դա կարող է իշխանությունների հետ այդքան շատ կապված չլինել, որովհետև դրանք ռազմավարական են, դրանք շարունակում են մնալ ռազմավարական»,-նշել է նա։