Առաջարկվում է ՀՌՀ նախագահի և հանձնաժողովի անդամների գործակիցները բարձրացնել. նախագիծ
ПолитическиеԽորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում Կառավարության առաջարկած լրացումներն եւ փոփոխություններն առաջին ընթերցմամբ պատգամավորները քննարկել են ապրիլի 9-ի նիստում: Այն ներկայացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը:
Նախաձեռնությամբ առաջարկվում է բարձրացնել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահի եւ հանձնաժողովի անդամի հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցները: Դրանք կհամապատասխանեցվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովում համապատասխան պաշտոն զբաղեցնող անձանց հիմնական աշխատավարձի հաշվարկման համար սահմանված գործակիցների չափերին: Զեկուցողի խոսքով փոփոխություններն իրականացվում են՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ երկու անկախ պետական մարմիններն ընտրությունների հետ կապված ունեն համանման գործառույթներ:
Գլխադասային՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Նրա խոսքով աշխատավարձի բարձրացումը պայմանավորված է տվյալ մարմնի սահմանադրական կարգավիճակով: Պատգամավորը կոչ է արել գործընկերներին հարգել սահմանադրական կանոնակարգումներն ու անկախ մարմինների կարգավիճակը եւ փորձել ապահովել անկախ մարմինների նախագահների եւ անդամների համար համարժեք վարձատրության հնարավորություն: