Մտահոգիչ է նախագծում «զուգընկեր» հասկացության նորամուծությունը. Մայր Աթոռ
ПолитическиеՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնի իրավախորհրդատվական հանձնախմբի հայտարարությունէ տարածել ««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի վերաբերյալ.
«Խիստ տարակուսանքով տեղեկացանք, որ Ազգային Ժողովում վերստին քննարկման է դրված ««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի խնդրահարույց նախագիծը:
Եկեղեցին ողջունում է յուրաքանչյուր նախաձեռնություն, այդ թվում և իրավական փաստաթուղթ, կոչված բացառելու բռնությունն ինչպես ընտանիքում, այնպես և սոցիալական որևէ այլ միջավայրում: Բռնության ցանկացած դրսևորում դատապարտելի է, և բոլոր մարդիկ գտնվում են Աստծո անփոփոխ խնամքի ներքո, քանզի Սուրբ Գիրքը վկայում է Տիրոջ խոսքը, թե. «Ես նրանց համար Աստված պիտի լինեմ, և նրանք ինձ համար պիտի լինեն որդիներ» (Հայտն. 21.7):
Այսուհանդերձ, խիստ անընդունելի են նախագծում առկա որոշ ձևակերպումներ և հասկացություններ:
Մասնավորաբար` նախագծի վերնագրում և բովանդակության մեջ ներդրված «կենցաղային բռնություն» հասկացությունը խիստ անորոշ է ու տարածական, հակասում է ընտանիքի ներսում բռնությունների կանխարգելման նպատակին և արհեստականորեն ընդլայնում է օրենքի կարգավորման տիրույթը:
Առավել քան մտահոգիչ է նախագծում «զուգընկեր» հասկացության նորամուծությունը, որտեղ սահմանվում է. «զուգընկեր՝ անձ, որի հետ առկա են հարաբերություններ, որոնց հատուկ է սիրային կապը՝ անկախ համատեղ բնակության կամ միմյանց հետ սեռական հարաբերություններ ունենալու հանգամանքից»: Սրան զուգահեռ` նախագծում որևէ ձևով չի բացառվում, որ զուգընկեր կարող են համարվել նաև նույնասեռ անձինք, որոնց միությունը, ըստ էության, հավասարեցվելու է ընտանիք հասկացությանը:
Ընտանիքը տղամարդու և կնոջ սիրո միությունն է` Աստծո կամքի մեջ միավորված և սերնդագործությամբ օրհնված: Ընտանիքի ավանդական ընկալումը գոյաբանական նշանակություն ունի մեր ազգի համար և չի կարող սակարկման առարկա լինել:
Հետևաբար, բռնության կանխարգելումը չպիտի ծառայեցվի որպես առիթ` ընտանիքի ավանդական ընկալման ձևախեղման համար։ Բռնության, ինչպես և ցանկացած այլ չարիքի կանխարգելումը և դրա դեմ պայքարը պետք է իրագործվի այնպիսի միջոցներով, որոնք պատճառ չեն դառնա չարիքի խորացմանն ու նոր բռնության:
Արդ, հաշվի առնելով վերը նշված, ինչպես և մի շարք այլ մտահոգիչ ձևակերպումներ ու նորամուծություններ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Իրավախորհրդատվական հանձնախումբն անընդունելի է համարում նմանօրինակ նախաձեռնությունը և հորդորում է Ազգային Ժողովի խմբակցություններին և պատգամավորներին մերժել նախագծի ընդունումը:
Յուրաքանչյուր պատգամավորի քվեարկության արդյունքը ակներև է դարձնելու նրա վերաբերմունքն ու պատասխանատվությունն իր իսկ ընտանիքի, իր իսկ երեխաների և սերունդների նկատմամբ ու հավատարմությունը քրիստոնեական ավանդական ընտանեկան արժեքներին:
Ազգային Ժողովի պատգամավորներին մաղթում ենք արդյունավոր ծառայություն` ի նպաստ մեր երկրի զորացման և ազգային մեր ինքնության ամրապնդման»: