«Ժողովուրդ». Մի դեպքում դատավորները դասի են, մյուս դեպքում բենզին չկա․ իրավիճակը դատարաններում
Армянская пресса«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ Հակակոռուպցիոն դատարանում ուշագրավ իրավիճակ էր։ Ինչպես հայտնի է, ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը դատարան է գալիս իր հարազատների օգնությամբ։ Նա առողջական խնդիրների պատճառով դժվարությամբ է քայլում։
Արդյունքում՝ նրան օգնելով բերեցին դատարան, ու նա սպասում էր, թե իրեն որ դահլիճ կկանչեն՝ ներկայանալու. սակայն կարգադրիչները նրան հայտնեցին, որ նիստը չի կայանալու, քանի որ դատավոր Սուրեն Խաչատրյանը դասերի է գնում. միգուցե ծանուցում են ուղարկել նախկին ոստիկանապետին ու չի հասել։
Արդյունքում՝ Վլադիմիր Գասպարյանին այլ ելք չմնաց, քան ինչպես դժվարությամբ ներկայացել էր, այնպես էլ հեռանար դատարանից։ Մի դեպքում դատավորները դասի են, մյուս դեպքում բենզին չկա կամ ուղեկցող ոստիկաններ՝ կալանավորներին դատարան բերելու համար, մյուս դեպքում վկաներին չեն կարողանում բերման ենթարկել. ահա այսպիսին է իրավիճակը դատարաններում»: