«Ժողովուրդ». Արտասովոր խառնաշփոթ դատարանում. Արարատ Միրզոյանի դատն է եղել
Армянская пресса«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 9-ին Երեւան քաղաքի դատարանի Աջափնյակի նստավայրում արտասովոր խառնաշփոթ է եղել: Բանն այն է, որ դատարանը ծանուցում է ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, որ նա ներկայանա դատարան՝ իր ծեծի գործով հարցաքննության: Արդյունքում, դատարանում զգուշացրել են, որ Միրզոյանը ներկայանալու է, ու այնտեղ սկսվել է խառնաշփոթ, թե ովքեր կանգնեն մուտքի մոտ, ովքեր որտեղ լինեն, ինչպես դիմավորեն եւ այսպես շարունակ:
Եվ ահա, Միրզոյանը հարցաքննվել է ու պնդել, որ այդ օրը, ով որ եղել է վերոնշյալ հատվածում իրեն ծեծել է:
Հիշեցնենք՝ 2023 հունվարի 17-ին Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ Արա Բադոյանը, 2020 թվականի պատերազմի դադարեցման գործընթացով պայմանավորված, մի խումբ քաղաքացիների հետ եկել է մայրաքաղաք Երեւանում գտնվող ՀՀ կառավարության, Ազգային ժողովի վարչական շենքերի տարածք, դրանց ներսում եւ ՀՀ վարչապետին հատկացված կեցավայրի մոտ մի խումբ քաղաքացիների հետ հրահրել է զանգվածային անկարգություններ:
Նույն հաղորդագրության համաձայն՝ միացել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրող զանգվածային անկարգությունների մասնակիցներին, ճեղքելով վերջիններիս շարքերը՝ մոտեցել է արդեն իսկ գետնին ընկած Արարատ Միրզոյանին եւ ոտքով հարվածել է վերջինիս՝ այդկերպ բռնություն գործադրելով նրա նկատմամբ:
Արա Բադոյանի եւ զանգվածային անկարգությունների մյուս մասնակիցների կողմից գործադրված բռնության հետեւանքով Արարատ Միրզոյանին պատճառվել են բազմաթիվ մարմնական վնասվածքներ. վերջինս կորցրել էր գիտակցությունը, վնասվել էր նրա աչքը, եւ Միրզոյանին տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Եվ ահա, Արա Բադոյանը կալանավորված է, եւ ուշագրավն այն է, որ նրան մեղադրում են ոչ թե Արարատ Միրզոյանին ծեծելու, այլ ծեծի փորձի մեջ. վերջինս չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը»: