Ադրբեջանը շարունակում է սպառնալ ՀՀ-ի գոյությանը. Freedom House (տեսանյութ)
ВидеоԱդրբեջանը շարունակում է սպառնալ ՀՀ-ի գոյությանը։ Այս մասին ասվում է Freedom House իրավապաշտպան կազմակերպության՝ Nations in Transit 2024 ամենամյա զեկույցում։ Այնտեղ զուգահեռներ են տարվում Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ագրեսիայի ու Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակման միջև։ Վերջինը որակվում է՝ որպես «էթնիկ զտում»:
Ուկրաինան ոչնչացնելու Մոսկվայի պատերազմը և Ադրբեջանում իշխող ռեժիմի ռազմական նվաճումն ու Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումները ի հայտ բերեցին «ավտորիտարիզմի էքսպանսիայի» մահացու հետևանքները՝ ասված է Freedom House իրավապաշտպան կազմակերպության Nations in Transit 2024 տարեկան զեկույցում: Կենտրոնական Եվրոպայից մինչև Կենտրոնական Ասիա տարածաշրջանի եվրասիական 29 երկրներում տարվա կտրվածքով ժողովրդավարության հետ կապված իրավիճակը ուսումնասիրող այս զեկույցն արձանագրոմ է այս տարածաշրջանում 20-րդ տարին անընդմեջ ժողովրդավարական կառավարման ընդհանուր անկում:
«Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությանը տված հարցազրույցում զեկույցի համահեղինակ, Freedom House-ի ավագ փորձագետ Մայք Սմելտզերը նշում է, որ զեկույցը կենտրոնանում է ժողովրդավարական կառավարման ինստիտուցիոնալ գործոնների վրա՝ դիտարկելով, թե ինչպես են ժողովրդավարությունները, ինստիտուտները ապահովում, պաշտպանում և աջակցում մարդկանց հիմնարար իրավունքները: Ըստ զեկույցի համահեղինակի՝ 2023 թվականին արձանագրվել է ժողովրդավարության անկման ավելի լայն միտում, ներառյալ Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտներում: «Կարծում եմ, որ սա Հայաստանի ժողովրդավարական հետագծի ավելի մեծ միտումի մի մասն է վերջին 5-10 տարիների ընթացքում, և հատկապես «թավշյա հեղափոխությունից» հետո: Այն բնութագրվում է հաճախ որպես երեք քայլ առաջ և մեկ քայլ հետ: Ցավոք, այս տարին այն տարիներից էր, որտեղ այս զեկույցում իսկապես առկա էր մեկ քայլ հետընթաց»,- ասում է Մայք Սմելտզերը: