Ցանկալի կլիներ, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ազդեր Հայաստանում անվտանգության մակարդակի բարձրացման վրա. Սինանյան
ОбществоՀայոց ցեղասպանության ճանաչումը անչափ կարևոր նշանակություն ունի, ազգը, հատկապես Սփյուռքը, հսկայական միջոցներ է ծախսել այդ նպատակի վրա, բայց մենք պետք է հասկանանք, թե դրա դիմաց ինչ շոշափելի արդյունք ենք ստանում:
Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
«Մենք ազգովի պետք է դուրս գանք բարոյական հաղթանակի շրջապտույտից։ Պետք է զգանք արդյունքը։ Շատ կուզենայի, որ Հայոց ցեղասպանության ճանաչման շատ բարդ, երկար գործընթացն անմիջականորեն առնչվեր Հայաստանում անվտանգության մակարդակի բարձրացմանը։
Մեզ համար Հայոց ցեղասպանության ճանաչումն ինքնին արժեքավոր է։ Ես կցանկանայի, որ դա ազդեր Արցախի և Հայաստանի անվտանգության վրա։ Մենք պետք է դուրս գանք կարգախոսների մակարդակից և հստակեցնենք՝ ինչ ենք ներդնում և ինչ ենք ստանում դրա դիմաց»,- նշել է Սինանյանը։