«Եվրոպական ժառանգության օրերը» Հայաստանում մեկնարկել է Արենիում անցկացվող Արհեստների միջազգային փառատոնով
ИранՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նախաձեռնությամբ Վայոց ձորի մարզի Արենի համայնքում անցկացվել է Արհեստների միջազգային երրորդ փառատոնը՝ «Գինի և արհեստներ» խորագրի ներքո, որով նաև տրվել է Եվրոպայում նշվող ամենաընդգրկուն և ամենամասնակցային միջոցառումներից մեկի՝ «Եվրոպական ժառանգության օրերի» մեկնարկը մեր երկրում: Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքայելյանը, արհեստագործ վարպետներ Հայաստանից և արտերկրից:
Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է պետության՝ մարզերում մշակութային կյանքի ակտիվացմանը, արհեստների հանրային տեսանելիության և արհեստներով զբաղվող վարպետների ճանաչելիության բարձրացմանն ուղղված շարունակական քաղաքականությունը:
«Ժողովրդական արհեստները մեր մշակութային ժառանգության կարևորագույն բաղադրիչն են: Տաղավարներով շրջելով՝ համոզվում ենք, որ խոսում ենք ոչ միայն մշակութային շատ կարևոր ժառանգության, այլև այսօրվա մշակութային կարևոր ներկայության մասին: Արհեստները մշտապես արդիական են․ դրանց միջոցով շաղկապվում են անցյալն ու ներկան՝ կամուրջ ապահովելով ապագայի համար», - ասել է Ժաննա Անդրեասյանն ու շնորհակալություն հայտնել միջոցառման կազմակերպչական աշխատանքների պատշաճ իրականացման համար:
ԿԳՄՍ նախարարը խորհրդանշական է համարել, որ Արհեստների միջազգային երրորդ փառատոնն այս տարի համընկնում է «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումների մեկնարկի հետ:
««Եվրոպական ժառանգության օրերն» այս տարի անցկացվում է «Ճանապարհներ, ցանցեր և կապեր» խորագրի ներքո, ինչն այստեղ՝ Արենիում, առավել խորհդանշական է, քանի որ Վայոց ձորը հայտնի է ճանապարհային կարևոր հանգույցներ ու կապեր լինելու իր պատմությամբ: Այստեղ մենք նաև հիանալի պատմամշակութային վայրեր ունենք, որտեղ անպայման խորհուրդ կտամ այցելել»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու կոչ արել փառատոնի այցելուներին այս օրերի ընթացքում անպայման ժամանակ հատկացնել նաև Վայոց ձորի պատմամշակութային ժառանգությունը բացահայտելու համար:
ԿԳՄՍ նախարարը ողջունել է նաև փառատոնին մասնակցելու համար մեր երկիր ժամանած օտարերկրյա հյուրերին և հույս հայտնել՝ նրանք հայ վարպետների հետ նոր համագործակցություն կձևավորեն:
Փառատոնի մասնակիցներին և հյուրերին ողջունել է նաև ՀՀ-ում Եվրոպական միության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը՝ կարևորելով «Եվրոպական ժառանգության օրերի» մեկնարկն Արենիում անցկացվող Արհեստների միջազգային երրորդ փառատոնով ազդարարումը՝ ընդգծելով, որ Վայոց ձորի մարզը մշակութային հարուստ ժառանգության օրրան է:
«Եվրոպական միությունը Հայաստանի հետ տարբեր ծրագրեր է իրականացնում և ունի ամուր գործընկերություն կրթության, մշակույթի և մի շարք այլ ուղղություններով, բայց ամենակարևորն այն է, որ մենք համատեղ ջանքերով կամրջում ենք ավանդույթներն ու մարդկանց»,- ասել է Վասիլիս Մարագոսը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ԵՄ դեսպանը շրջել են փառատոնի շրջանակում բացված տաղավարներով, ծանոթացել հայ և օտարերկրացի վարպետների ձեռքի աշխատանքներին: Այցելուները տեղում հնարավորություն են ունեցել ծանոթանալու հայկական գինու պատրաստման ավանդույթներին և համտեսելու անուշաբույր հայկական գինի:
Արհեստների միջազգային երրորդ փառատոնին մասնակցում են շուրջ 50 արհեստագործ վարպետներ Հայաստանից և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության 10 երկրից (Ալբանիա, Բուլղարիա, Վրաստան, Հունաստան, Մոլդովա, Ռումինիա, Ռուսաստան, Սերբիա, Ուկրաինա, Հյուսիսային Մակեդոնիա):
Փառատոնի ընթացքում Արենի համայնքում ներկայացվել են հայ և այլ ժողովուրդների ազգային արհեստները՝ գորգագործություն, ասեղնագործություն, ժանեկագործություն, տիկնիկագործություն, փայտագործություն, խեցեգործություն, դարբնություն, զարդագործություն, ծղոտագործություն և այլն: Երկու օր շարունակ կանցկացվեն բազմաբնույթ մշակութային միջոցառումներ՝ ազգային երգ ու պար, լարախաղացություն, ավանդական խոհանոցի բազմազան ուտեստների համտես, վարպետաց դասեր և հատուկ ծրագրեր երեխաների համար:
«Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումների ընթացքում ավելի քան 100 մշակութային կազմակերպություններ իրենց հարկի տակ կհյուրընկալեն այցելուներին, կկազմակերպվեն օրվա խորհրդին համահունչ բազմաթիվ մշակութային միջոցառումներ, դասական և հայկական ժողովրդական համերգներ, տեսաֆիլմերի ցուցադրություններ, քայլարշավներ, գրական-երաժշտական ցերեկույթներ, կրթական, ինտերակտիվ ծրագրեր, հանդիպում-քննարկումներ, դասախոսություններ, մրցույթներ, վարպետաց դասեր և այլն: