Նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը կազմում է 77 065 դրամ, ինչը նույնիսկ ավելին է, քան նվազագույն աշխատավարձը
ДругоеՀայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի և հանրային ծառայությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական արհմիության Խորհուրդը դիմել է Հայաստանի կառավարությանը, Հայաստանի Ազգային ժողովին.
«Հայտնի է, որ պետական և համայնքային միջին և ցածր օղակների ծառայողների վարձատրությունը շարունակում է մնալ ցածր և չի բավարարում կենսաապահովման բազային կարիքները հոգալու համար։ Պետական ոլորտում միջին աշխատավարձը (մինչև հարկումը), ըստ վիճակագրական տվյալների, կազմում է շուրջ 360 000 դրամ։ Սակայն ակնհայտ է, որ տվյալ թիվը գոյացել է պետական կառավարման ու պաշտպանության ոլորտներում բարձրաստիճան պաշտոնյաների բարձր վարձատրության հաշվին։
Վերջին անգամ պետական աշխատողների բազային աշխատավարձը բարձրացվել է 2023 թվականի հունվարի 1-ից՝ սահմանվելով 83200 դրամ։ Միաժամանակ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով սահմանված է, որ բազային աշխատավարձը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 120 տոկոսը։ Նվազագույն աշխատավարձը նույնպես բարձրացվել է 2023 թվականից՝ սահմանվելով 75 000 դրամ։
Վերոնշվածից բխում է, որ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի պատշաճ բարձրացման նախապայմաններից է նվազագույն աշխատավարձի բարձրացումը։
2024թ․2-րդ եռամսյակում, համաձայն Վիճակագրական կոմիտեի տվյալների, նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, որը հաշվարկված է ըստ ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված մեթոդաբանության, կազմել է 77 065 դրամ, ինչը նույնիսկ ավելին է, քան նվազագույն աշխատավարձը։
Հաշվի առնելով նաև, որ համաձայն վիճակագրական կոմիտեի տրամադրած վերջին տվյալների՝ ՀՀ տնային տնտեսություններում ընտանիքի անդամների միջինացված քանակը 3.4 հոգի է՝ պարզ է դառնում, որ սահմանված նվազագույն աշխատավարձը, ինչպես նաև բազային աշխատավարձով պայմանավորված վարձատրությունը բավարար չեն ընտանիքի նվազագույն ծախսերը հոգալու համար, հատկապես այն դեպքում, երբ աշխատողների զգալի մասն ունի հիփոթեքային վարկեր, ապրում է վարձակալությամբ, ընտանիքում ունի վճարովի հիմունքներով սովորող ուսանողներ և այլն։
Նման սոցիալական պայմանները հանգեցնում են նրան, որ պետական և համայնքային ծառայողները ստիպված են որոնել լրացուցիչ եկամտի աղբյուրներ՝ իրենց և իրենց ընտանիքների կենսապահովման համար, չնայած որ, համաձայն օրենսդրության, նրանց չի թույլատրվում զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից։ Ստեղծված պայմաններում, սակայն, լրացուցիչ աշխատանք կատարելը դարձել է անհրաժեշտություն միջին և ցածր օղակի հանրային ծառայողների համար։
Վերջին շրջանում հետզհետե հարկային դաշտ են բերվում ծառայությունների տարբեր տեսակներ, որոնցից է, օրինակ, էլեկտրոնային հարթակի միջոցով ուղևորափոխադրումը։ Ողջունելով ոչ ֆորմալ տնտեսությունը հարկային դաշտ բերելու կառավարության քաղաքականությունը՝ միևնույն ժամանակ փաստում ենք, որ այն անհնարին է դարձնելու հանրային ծառայողների համար նման ծառայություններում ներգրավվելը, ինչը իր հերթին զրկելու է նրանց անհրաժեշտ լրացուցիչ եկամտից և ավելի է մեծացնելու սոցիալական լարվածությունը։
Ուստի, որպես պետական ու համայնքային աշխատողներին միավորող ճյուղային հանրապետական արհմիություն, կոչ ենք անում վերանայել՝
պետական և համայնքային ծառայողների վարձատրության համակարգը՝ ապահովելով կենսապահովման համար բավարար մակարդակ
օրենսդրական կարգավորումները՝ թույլ տալով պետական ու համայնքային ծառայողներին աշխատանքային ժամերից դուրս կատարել վարձատրվող այնպիսի աշխատանք, որը չի հակասի նրանց պաշտոնեական պարտականություններին և չի առաջացնի շահերի բախում։
Նման կարգավորումներ առկա են միջազգային պրակտիկայում։ Այսպես, եվրոպական երկրների գերակշիռ մասում ներկայումս սահմանված է, որ գործատուի (աշխատակազմերի ղեկավարության) կողմից համապատասխան թույլտվությամբ հանրային ծառայողները հիմնական աշխատանքից զատ կարող են կատարել այնպիսի աշխատանք, որը չի ազդում պաշտոնեական պարտականությունների պատշաճ կատարման, հանրային ծառայության վարկանիշի, հանրային ծառայողի անկողմնակալության վրա և տվյալ պաշտոնի հետ չի առաջացնում շահերի բախում։
Այսպիսով, օրհասական է միջին և ցածր օղակի հանրային ծառայողների վարձատրության բարձրացման խնդիրը կամ վերը նշված օրենսդրական սահմանափակումների վերանայումը։ Հակառակ դեպքում պետական ու համայնքային ծառայողները շարունակելու են գտնվել սոցիալական ծանր ճնշման ներքո, ինչը նվազեցնելու է նրանց աշխատանքային արդյունավետությունը, ինչպես նաև հանգեցնելու է սոցիալական անապահովության և հնարավոր իրավախախտումների:
Կառավարությանը խնդրում ենք հաշվի առնել վերը նշված փաստարկները և սկսել քննարկումներ՝ խնդրի կարգավորման համար լավագույն լուծումներ գտնելու ուղղությամբ ։
Խնդրի լուծումը ոչ միայն կբարելավի հանրային ծառայողների կյանքի որակը, այլ նաև կօգնի պետությանը պահպանել բարձր որակի ծառայությունների մատուցումը քաղաքացիներին՝ միաժամանակ նվազեցնելով սոցիալական լարվածությունը»։
Աղբյուր` Panorama.am