«Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը վեր է քաղաքական-կուսակցական նկրտումներից և ունի բացառապես ազգային բնույթ
Публикации«Պահեստազորի սպաների շարժում»-ը, «Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների շարժում-ը, «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ-ն, «Սիսական» ջոկատ-ը, «Ձայն Հայրենյաց» մտավորականների նախաձեռնությունը, Վիտալի Բալասանյանի գրասենյակը, «Վերադարձ» հիմնադրամն ու «Ազգային գվարդիա»-ն միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։
««Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը վերածվել է համահայկական շարժման:
Այն վեր է քաղաքական-կուսակցական նկրտումներից և ունի բացառապես ազգային բնույթ:
Իշխող քաղաքական ուժը, առանց քննարկումների և ժողովրդի կամքը հաշվի առնելու, իրավասու չէ համազգային խնդիրներն այս կերպ լուծելու:
Հայաստանը բոլորիս հայրենիքն է, հետևաբար պատասխանատու ենք բոլորս:
Պահն օրհասական է, դավաճանություն է հողից հրաժարվելը, Հայրենիք կորցնելը:
Մենք՝ ներքոստորագրյալներս, որպես հայրենիքի զինվորներ, հայտարարում ենք, որ ոչ միայն սատարում ենք «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը, այլև կանգնում ենք շարժման շարքերում:
Կոչ ենք անում մեր հայրենակիցներին, հատկապես ծառայակից գործընկերներին, մայիսի 9-ին, հանուն Հայրենիքի փրկության, ներկա գտնվել Հանրապետության հրապարակում և դառնալ համազգային շարժման մասնակիցը:
Հայաստանի ուժային կառույցներից պահանջում ենք ողջամիտ լինել, ճիշտ գնահատել ստեղծված իրավիճակը, հիշել, որ շարժումն առաջնորդում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, հանձինս՝ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի:
Միաժամանակ պահանջում ենք ՀՀ իշխանություններից և ուժային կառույցներից՝ զերծ մնալ բռնություններից և չօգտագործել ճնշման գործելաոճ:
Մի՛ գնացեք հանցավոր հրամանների կատարման ճանապարհով:
Սա Ավարայրի, Սարդարապատի, Բաշ Ապարանի ճակատամարտն է:
Միասնական ուժերով փրկենք երկիրը ու կերտենք մեր ապագան»,- ասվում է հայտարարությունում։
Նշվում է նաև, որ հայտարարությունը բաց է բոլոր միացողների համար. կարող են միանալ և՛ անհատները, և՛ կազմակերպությունները: