Առկա են որոշ մարտահրավերներ՝ կապված շարժման քաղաքական օրակարգի ձևավորման և իրականացման հետ․ Դավիթ Անանյան
ОбществоՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է․ «Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները վկայում են երկրի քաղաքական կյանքի զարթոնքային զարգացումների նշանակալի ու շրջադարձային կետի մասին։ Փողոց դուրս եկող ազգաբնակչության նկատվող ակտիվացումը ազգային ոգու անսպառության ու արդարության ու ազգային արժանապատվության պահպանման տենչանքի հստակ վկայություն է։
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման կենսունակությունը վիճարկող ու դրա արդիականության անկումը գուժող քննադատական ձայները կույր են, քանի որ չեն տեսնում, կամ բաց են թողնում հայաստանյան հասարակության մեջ տեղի ունեցող հիմքում ընկած գործընթացները: Այս շարժմանը կցված դավադիր պիտակները վկայում են կա՛մ երկրում քաղաքացիական և քաղաքական գործընթացների դինամիկան վերլուծելու և ճիշտ եզրակացության հանգելու անկարողության մասին, կա՛մ կողմնակալության և որոշակի ապազգային շահերի սպասարկու հանդիսանալու հանգամանքի մասին։
Այնինչ, ակնհայտ է, որ պահը Հայաստանի համար բացառիկ է այն առումով, որ տեղի է ունենում ժողովրդի զանգվածային չմարող մոբիլիզացիա, որը ընկալվում է որպես ազգային անպատվաբերության, պետական ինքնիշխանության և ինքնության կորստի վտանգող մարտահրավերների դիմաց կապիտուլյացիայից հրաժարվելը: Անուրանալի ու ոգեշնչող է Բագրատ Սրբազանի առաջնորդությունը, որի ջանքերը՝ վերականգնելու ազգային հպարտությունն ու ինքնահարգանքը, հնչում են հայ ժողովրդի սրտերում։
Այնուամենայնիվ, աներկբաորեն առկա են որոշ մարտահրավերներ՝ կապված շարժման քաղաքական օրակարգի ձևավորման և իրականացման հետ, որն անհապաղ ուշադրություն է պահանջում։ Երկրում քաղաքական գործընթացների վրա արդյունավետ ազդելու, ինչպես նաև դրված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է համախմբում։ Սա ենթադրում է ինչպես քաղաքական, այնպես էլ հասարակական ուժերի ջանքերի համախմբում՝ հստակ և համահունչ ռազմավարություն մշակելու և հետագայում իրականացնելու համար: Այս առումով կարևոր է ազգային, ներպետական և միջազգային մակարդակներում բոլոր շահագրգիռ կողմերի հետ երկխոսության որոնումն ու հաստատումը` ներքին ու արտաքին աջակցությունն ուժեղացնելու նպատակով:
Հենց հիմա, երբ հայ ժողովուրդը դրսևորում է միասնություն և վճռականություն՝ պաշտպանելու իր արժանապատվությունն ու ինքնիշխանությունը, ամենահրատապ հարցը ժողովրդի քաղաքական կամքի իրականացման հետագա ռազմավարության և մեխանիզմների ընտրությունն է»։