Ամերիկացի գիտնականները թարթիչների նոր գործառույթ են հայտնաբերել
Գիտություն և Մշակույթ
Թարթիչները ոչ միայն կողմնակի մասնիկների զտիչ են ծառայում, այլև աչքերից վերաուղղորդում են օդի հոսքերը. այս եզրակացությանն են հանգել մի խումբ ամերիկացի գիտնականներ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Նրանց կարծիքով՝ թարթիչներն օդի հոսքերը վերաուղղորդում են՝ աչքերը պաշտպանելով մանրէների, վիրուսների և մանր մակաբույծների ներթափանցումից, ինչպես նաև կանխելով աչքի թաղանթի չորացումը:
«Թարթիչները մինչև 50 տոկոս նվազեցնում են խոնավության գոլորշիացումը և մասնիկների նստումը»,- հայտարարել է հետազոտության ղեկավար Դևիդ Հուն՝ Ատլանտա քաղաքի Ջորջիայի համալսարանի Տեխնոլոգիական ինստիտուտից:
Հետազոտությունը կատարվել է կաթնասունների 22 տեսակների, ներառյալ մարդու վրա: Բոլոր դեպքերում թարթիչների երկարությունը կազմել է աչքերի լայնության մեկ երրորդը, ինչն, ինչպես կարծում են գիտնականները, լավագույն համամասնությունն է առավելագույն պաշտպանության համար՝ առանց տեսողության որակի համար վնասի:
Այս հայտնագործությունը կարող է օգնել մշակելու պաշտպանության ավելի կատարյալ համակարգեր, օրինակ՝ արևամարտկոցների համար, որոնք տարեկան արդյունավետության 6 տոկոսը կորցնում են մակերեսի վրա փոշի նստելուց, նշում են գիտնականները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)