Արգելվել են օնլայն խաղադրույքները «Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով Քչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումը Ուկրաինան առաջին անգամ մարտական ռոբոտներ է կիրառել ռուսական զորքերի դեմ Դոնբասում Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել պատերազմը․ Զելենսկի Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Գերմանիայում մաքսավորները գեղեցկության սրահներում ստուգումներ են անցկացրել՝ անօրինական աշխատողներ գտնելու համար Լավրով․ Թուրքիան չի կարող փոխանցել կամ վաճառել С-400-ներն առանց Ռուսաստանի համաձայնության Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ) 

Մեր դիրքորոշումն անփոփոխ է.Սերժ Սարգսյանը՝ ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցներին

Հայաստան

Հայաստանի Հանրապետության Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր պաշտպանության նախարարության վարչական համալիրում հանդիպում է ունեցել ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ: Հանդիպմանը Նախագահ Սարգսյանը հանդես է եկել ելույթով: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

***
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի ժամանակ

Բարև՛ ձեզ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ղեկավար կազմի հարգելի՛ ներկայացուցիչներ:

Այսպիսի օպերատիվ հավաքները վաղուց արդեն ավանդական են դարձել: Հենց այս հանդիպումների շնորհիվ է, որ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը պարզաբանում է գեներալների, սպաների, քաղաքացիական հատուկ ծառայողների առջև դրվող խնդիրները: Մենք միասին նաև տեղեկատվություն ենք փոխանակում, ստուգում մեր աշխատանքի արդյունավետությունը: 

Տարիներ շարունակ մեր զինված ուժերի առանցքում դրել ենք անհատի գիտելիքն ու ունակությունները բազմապատկելու խնդիրը: Մեր նախընտրությունը մշտապես եղել է ոչ միայն քանակական, այլև որակական առավելությունը: Այս հավաքները եղել են որակական առավելության հասնելու ուղիների շահագրգիռ քննարկումների դրսևորումներից մեկը:

Այսօր մենք մտքեր կփոխանակենք, որպեսզի ձևավորենք միասնական պատկերացումներ, տեսակետներ և մոտեցումներ մեր ապագա ծրագրերի շուրջ: Մեր առաջնահերթ խնդիրն է պաշտպանության քաղաքականության համապատասխանեցումը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության դրույթներով պայմանավորված բարեփոխումներին: Սահմանադրության համաձայն փոփոխության է ենթարկվում Հայաստանի զինված ուժերի կառավարման ուղղահայացը՝ ստանալով վարչապետ-անվտանգության խորհուրդ-կառավարություն-պաշտպանության նախարար-գլխավոր շտաբի պետ տեսքը: Զինված ուժերի քաղաքացիական կառավարումը և վերահսկումը ևս պետք է հարստացվեն նոր բովանդակությամբ: 

Սակայն դա չի նշանակում, որ Հայաստանի Հանրապետության նախագահը չի ունենալու դերակատարություն պետության կարևոր ինստիտուտներից մեկի՝ զինված ուժերի կյանքում: Վարչապետի առաջարկությամբ նա նշանակելու է Հայաստանի զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձին՝ գլխավոր շտաբի պետին, այլ պաշտոնատար անձանց, ինչպես նաև շնորհելու է բարձրագույն զինվորական կոչումները:

Արդեն իսկ զգալի աշխատանքներ են իրականացվել պաշտպանության ոլորտի օրենսդրությունը վերանայելու ուղղությամբ, սակայն այդ աշխատանքները կրելու են շարունակական բնույթ: Պաշտպանության բնագավառի պաշտոնյաները պետք է լինեն ճկուն՝ համագործակցելով ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր իշխանության իրենց գործընկերների հետ: Մեծ է անելիքը այս նոր պայմաններում ենթաօրենսդրական ակտերի մշակման և համապատասխանեցման գործում: Մենք պետք է ոչ միայն լավ օրենքներ ու ենթաօրենսդրական ակտեր գրենք, այլև լավագույնս իրականացնենք դրանք: Այս երկուսի միջև խզում կամ, առավել ևս, թերացում չպետք է լինի:

Այս փոփոխությունների և զինված ուժերի կառուցվածքային բարեփոխումների համատեքստում որոշել ենք «Շանթ» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունը տեղափոխել այս տարվա աշուն: Զորավարժության հիմնական նպատակը պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային պատրաստության մակարդակի գնահատումն է, ինչպես նաև պետական տարբեր հաստատությունների փոխգործակցության և ներդաշնակության բարձրացումը: Զորավարժությունը ներառելու է ամենատարբեր ոլորտներին վերաբերող ներածականներ՝ հնարավորություն տալով յուրաքանչյուր նախարարությանը փորձարկել սեփական որոշումների կայացման մեխանիզմները և կատարելագործել դրանք։

Պարոնա՛յք գեներալներ և սպաներ,

Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորումը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության առաջնահերթ խնդիրն է: Մեր դիրքորոշումն անփոփոխ է: Դրա մասին վերջերս բազմաթիվ առիթներ եմ ունեցել խոսելու տարբեր, նաև՝ ամենաբարձր միջազգային ամբիոններից: Ասածներս կրկնելու իմաստը չեմ տեսնում: Միևնույն ժամանակ, բանակցությունների առաջընթացի մասին դրական լուրով ձեզ հետ կիսվել, ցավոք, չեմ կարող:

Մի բան ակնհայտ է՝ մենք շարունակելու ենք բանակցությունները և մեր գործընկերային շփումները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, քանի որ հենց նրանք են միջազգային հանրության կողմից լիազորվել՝ միջնորդ լինելու հակամարտող կողմերի միջև և օժանդակելու հարցի խաղաղ հանգուցալուծման մշակմանը: Այնուամենայնիվ, հիմնական պատասխանատվությունը հենց հակամարտող կողմերի վրա է, և մենք մեր բաժինը այդ գործում միշտ քաջ գիտակցել ենք:

Հենց այդ պատճառով էլ մեր բանակը եղել է, կա և լինելու է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հիմնական գործոնը: Բաքվից անընդհատ հեղեղվող սպառնալիքների պարագայում զինված ուժերը մեր հենարանն ու կռվանն են: 2016 թվականի ապրիլյան գործողությունները հակառակորդի կողմից ուժերի հարաբերակցությունը ստուգելու խոշոր փորձ էր: Նրանք, իհարկե, այդ փորձը տանուլ տվեցին: 

Առկա պայմաններում մեր խնդիրն է պահպանել դիրքավորման կոնֆիգուրացիան: Ավելին, մենք պետք է հետևողական աշխատենք և մշտապես պատրաստ լինենք հակադարձելու ուժերի հավասարակշռությունը խախտելու հակառակորդի բոլոր` խոշոր և մանր փորձերին: Մենք բազմիցս ցույց ենք տվել հակառակորդին և պետք եղած դեպքում կրկին ցույց կտանք ռազմական ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծելու անհեռանկարայնությունը: Եվ ամեն անգամ որքան գրագետ, որքան ցավալի պատասխան կարողանանք նրանց տալ, այնքանով մենք այդ մտայնությունը նրանց գիտակցության մեջ կամրապնդենք: Մեր հետևողական աշխատանքի հիմնական նպատակն է լինելու հակառակորդի մեջ հենց այդ գիտակցության ամրապնդումը:

Պարոնա՛յք գեներալներ և սպաներ,

Այս ճանապարհին մեր ամենակարևոր պրակտիկ քայլերից մեկը զինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագրի բարեհաջող իրականացումն է: Առաջին հերթին, մենք բանակը դարձրել ենք առավելագույնս թափանցիկ և հասկանալի մեր հանրության համար: Դա բնավ չի թուլացրել մեր զինված ուժերը, այլ ընդհակառակը՝ ամրապնդել է բանակ-հասարակություն կապը: Ավելին, բանակի վրա ծախսվող ռեսուրսները գնալով դառնում են ավելի հասանելի և օգտավետ մեր հասարակության լայն շերտերի համար: Դա նաև արտահայտվում է կոնկրետ ծրագրերի միջոցով, որոնց անուններն արդեն, իհարկե, քաջ հայտնի են բոլորին: 
Արդեն իսկ պատրաստ է գալիք յոթ տարիների բարեփոխումների ճանապարհային քարտեզը: Ցանկացած պլանավորում և վերահսկողություն պաշտպանության նախարարությունում և գլխավոր շտաբում իրականացվում է ըստ յոթնամյա ծրագրի՝ լինի դա բյուջետային պլանավորում, պաշարների, մարդկային ռեսուրսների հաշվառում, թե այլ բան:

Արդիականացվում է նաև կառավարման համակարգը: Կենտրոնական ապարատի կառուցվածքային փոփոխությունները պետք է միտված լինեն ոչ թե կրճատումներին, այլ գործառույթների հստակեցմանը, ինչպես նաև խնդիրների առավել արդյունավետ լուծմանը: Զինված ուժերում ավտոմատ կառավարման համակարգի և տեղեկատվական տեխնոլոգիաների ավելի լայն ներդրումը համարում եմ աշխատանքի պարտադիր պայման:

Պաշտպանության նախարարությունը խոշորագույն սպառող և մեծածավալ գնումներ իրականացնող մարմին է: Գնումների գործընթացում պետք է հասնել առավելագույն թափանցիկության, ազատ և արդար մրցակցության: Ապրանքների ու ծառայությունների որակի բարձրացումը պետք է ապահովվի պատասխանատու ստորաբաժանումների կողմից ճիշտ տեխնիկական բնութագրեր կազմելու միջոցով: Գնումներ իրականացնելիս պետք է հնարավորինս խուսափել միջնորդ կազմակերպությունների ծառայություններից, ինչպես նաև բացառել մրցույթների կազմակերպիչների և մասնակիցների կողմից տարբեր տեսակի անօրինական գործողությունները, այսպես ասած՝ հնարամտությունները:

Ամեն մի դրամի կորուստ կամ չարաշահում ուղիղ հարված է ոչ միայն բանակի հեղինակությանը, այլև մարտունակությանը: Կոռուպցիայի դեմ հետևողական և անհանդուրժողական պայքարն այսուհետ պետք է լինի ձեր ծառայության անբաժանելի մասը: Այս գործընթացը երբևէ հնարավոր կլինի հարյուր տոկոսով վերահսկել, եթե յուրաքանչյուր զինծառայող հոգու խորքում ունենա մի յուրատեսակ «տաբու»՝ բանակի և պետության միջոցների յուրացումն աններելի է, դավաճանությանը հավասար հանցագործություն է: Ուզում եմ, որպեսզի մեկ անգամ ևս բոլորի համար շատ հստակ լինի՝ մեր զինվորների, կրտսեր սպայակազմի կողմից անվստահությունը ղեկավար կազմի և ընդհանրապես մեր բանակի և պետության հանդեպ առաջին հերթին դրսևորվում է հենց կոռուպցիոն երևույթներով: Սա բոլորիս համար պետք է շատ հասկանալի լինի: Բայց հասկանալի լինելը շատ քիչ է, բոլորս պետք է պայքարենք այս երևույթի դեմ: Սա դարձել է չարիք՝ չարիք պետության համար, չարիք բանակի համար:

Պարոնա՛յք գեներալներ և սպաներ,

Սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումն ընթանում է ըստ պետական ծրագրի: Այս հարցում մեր հիմնական դաշնակիցը և գործընկերը Ռուսաստանի Դաշնությունն է, որն այսօր աշխարհում սպառազինության խոշորագույն մատակարարներից մեկն է, և որի հետ մենք ունենք հստակ պայմանավորվածություններ։ Դրանք մեզ հնարավորություն են տալիս ամենամրցակցային պայմաններով ձեռք բերելու արդիական սպառազինություն: Այլ հնարավորություններ մենք, իհարկե, նույնպես օգտագործելու ենք՝ հաշվի առնելով տարբեր երկրների հետ համագործակցության մեր հեռանկարները:
Սպառազինությունների մրցավազքում մենք վարում ենք ոչ թե քանակին քանակով հակադարձելու քաղաքականություն, այլ շեշտը դնում ենք սպառազինության արդյունավետության վրա: Մենք մեր ձեռքի տակ ունենք և մշտապես ունենալու ենք անհրաժեշտ միջոցներ անհրաժեշտ պահին հակառակորդին զսպելու համար: Երբ մենք խոսում ենք զսպման մասին, բնական է, որ դա չի նշանակում հարձակումը կասեցնել, դա ավելին է նշանակում՝ ամեն պահի հասցնել այնպիսի հակահարձակողական հարվածներ, որպեսզի նրանք այլևս ցանկություն չունենան խախտելու դեռևս 1994-95թթ. ստորագրած պայմանագրի պարտավորություններն ու դրույթները

Անհրաժեշտ է բարձրացնել յուրաքանչյուր զինծառայողի գիտակցական վերաբերմունքը սպառազինության և ռազմական տեխնիկայի նկատմամբ։ Նա իր զենքը կամ ռազմական տեխնիկան պետք է կարողանա գործածել ոչ միայն հմտությամբ և պարտադիր կանոնների պահպանմամբ, այլև հոգածությամբ և խնամքով: Յուրաքանչյուր զինվորական պետք է քաջ գիտակցի, որ մարտական խնդիրը կատարելիս՝ զենքն ամենահավատարիմ զինակիցն է: Ես սա չեմ ասում ձևի համար, այլ ասում եմ, որովհետև այդպիսի երևույթներ են եղել և այսօր շարունակվում են: 

Ռազմարդյունաբերությունը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է: Հայրենական ռազմարդյունաբերական արտադրությունը պետք է լինի մրցունակ։ Այս նպատակով պետք է ստեղծվեն որակական և գնային առումով հենց այդպիսի նմուշներ՝ ստեղծելով նախադրյալներ նաև արտահանման համար: Մեր նպատակն է, որ ռազմական արդյունաբերությունը դառնա ոչ միայն մեր զինված ուժերի կարևորագույն մատակարարներից, այլև երկրի տնտեսության կարևոր շարժիչ ուժերից մեկը: Պետք է ներգրավել երիտասարդ գիտնականների, ովքեր իրոք մեծ ոգևորությամբ գալիս են նորը կառուցելու՝ իրացնելով առկա ներուժը։ Ռազմարդյունաբերության ոլորտում գիտական վաշտ ձևավորելու գաղափարն իրատեսական է: Կարևորում եմ նաև ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցությունը, համատեղ նախագծեր ու միասնական արտադրություն ստեղծելու ուղղությամբ աշխատանքները:

Անհրաժեշտ է խորացնել ռազմադիվանագիտական կապերը՝ հավատարիմ մնալով մեր դաշնակցային պարտավորություններին: Մեծ է խաղաղապահ առաքելության դերը հայոց բանակի ու պետության միջազգային հեղինակությունը բարձրացնելու գործում: Դրա շնորհիվ մենք ոչ միայն ընդարձակում ենք ռազմական ոլորտում մեր միջազգային համագործակցության հորիզոնները, այլև ձեռք ենք բերում նոր բարեկամներ և գործընկերներ։

Մենք ունենք լայն հնարավորություններ ռազմական կրթության ոլորտում. ի լրումն հայաստանյան ուսումնական հաստատությունների՝ մեր երիտասարդները հնարավորություն ունեն կրթություն ստանալ Ռուսաստանում, Չինաստանում, Միացյալ Նահանգներում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Հունաստանում և այլուր: Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանն ապահովում է բարձրակարգ պայմաններ և բարձրակարգ դասախոսական կազմ: Նոր սերնդի հայրենասիրական դաստիարակությունը՝ ապագա ունենալու մեր կարևոր երաշխիքն է:

Զինված ուժերում առկա սոցիալական խնդիրները հասարակության ուշադրության կենտրոնում են: Մեր պարտքն է համակարգային մոտեցում ցուցաբերել մեր զինհաշմանդամներին և զոհվածների ընտանիքներին: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը գործում է առավելագույնս թափանցիկ և անվտանգության ոլորտում պետական, մասնավոր և հասարակական հատվածների համագործակցության լավ օրինակ է: Կարծում եմ, որ ժամանակի հետ կաճեն նաև կամավոր վճարումները: Իրոք, ես բարձր եմ գնահատում ինչպես այս հիմնադրամի ստեղծման գաղափարը, այնպես էլ հիմնադրամի աշխատանքները: Եթե ուշադիր հետևելու լինենք՝ կտեսնենք, որ դրա շնորհիվ ինչ-որ չափով մեղմացվել է եղած խնդիրը: Ես համոզված եմ, որ տարիների ընթացքում հիմնադրամն ունենալու է այնպիսի հնարավորություններ, որոնք մեզ հնարավորություն են տալու ավելի խորացնելու աշխատանքները և, լավ առումով եմ ասում՝ խախտելու հիմնադրամի առաքելության ժամկետները: Ես նկատի ունեմ՝ մենք կամաց-կամաց անցնելու ենք, հետ ենք դառնալու դեպի նախորդ տարիներ: Ֆինանսական հնարավորությունները դա թույլ են տալու: Թեև, ասել եմ և հիմա էլ կրկնում եմ, որ զոհվածների ընտանիքների, հաշմանդամների սոցիալական խնդիրները շատ ծանր բեռ են ցանկացած պետության համար: Երկրորդ աշխարհամարտի մասնակիցներ կան, որոնց սոցիալական խնդիրները մինչև հիմա լուծված չեն: Տեսեք, թե քանի տարիներ են անցել: Բայց սա խնդիր է, պարտականություն է, որ պետությունն ուղղակի պարտավոր է լուծել, և գալու է ժամանակ, երբ մեր երկրում չի լինելու զոհված համ հաշմանդամ զինվորի ընտանիք, որ սոցիալական լուրջ աջակցություն չի ստանալու: 

Իրականացվում են բնակարանային ապահովության հատուկ ծրագրեր սպաների բնակարանային պայմանների բարելավման համար: Ըստ ծրագրի՝ սպան գրանցումից հետո արդեն երրորդ տարում բնակարան կստանա: Դրա համար կտրամադրվի հիփոթեքային վարկ և 20 տարիների ընթացքում նա կմարի միայն մայր գումարը, այն էլ՝ որոշակի զեղչով:

Հաղթանակած և բարձր համբավ ունեցող բանակին վայել է միայն բարձր կարգապահությունը: Չպետք է որոշ ամոթալի դեպքեր ստվեր գցեն բոլորիդ կատարած ահռելի աշխատանքի վրա: Բանակն իսկապես մեր ժողովրդի ամենօրյա ուշադրության կենտրոնում է, ուստի նման դեպքերն արժանանում են զգայուն հասարակական արձագանքի: Մարտական պատրաստության գործընթացը և պարապմունքների հստակ ժամանակացույցը կարգապահության ամրապնդման, բռնարարքների բացառման, արտակարգ դեպքերի նվազեցման ամենաարդյունավետ ճանապարհն են: Բոլորիս համար ակնհայտ է, որ մեր կորուստների հիմնական մասը տեղի է ունենում մարտական հերթապահության կանոնների խախտման պարագայում, ինչը, իհարկե, անթույլատրելի է: 
Այդուհանդերձ, որքան էլ բարելավենք ցուցանիշները, այս ուղղությամբ մեր աշխատանքների գերազանց արդյունքը միայն ու միայն «զրո» ցուցանիշը պետք է լինի: Այսինքն՝ ոչ մի զոհ բանակում: Միայն այդ ժամանակ կարելի կլինի խոսել լիարժեք գոհ լինելու մասին:

Ինքնակատարելագործումը և մեթոդական պատրաստությունը, պետք է լինեն ձեր ծառայության անբաժան բաղկացուցիչը: Տեսական գիտելիքներ ձեռք բերելու այլ ճանապարհ, քան ընթերցանությունն է, չկա: Իսկ եթե տեսական գիտելիքներ չկան, ի՞նչը պետք է կիրառվի գործնականում: Պետք է դրա համար միշտ ժամանակ գտնեք: Եվ հայտնի բան է, որ մշտապես ժամանակ չունեն միայն նրանք, ովքեր ոչինչ չեն անում: 

Հայաստանի զինվորականը պետք է մշտապես կատարելագործվի և զարգանա: Ուսուցման և աշխատանքի ժամանակ ստացած գիտելիքները արագ կորչում են, եթե չեն ամրապնդվում ինքնապատրաստությամբ: Որևէ բան սովորելու համար ոչ մի առիթ բաց մի թողեք: Օգտակար բան սովորել հնարավոր է բոլորից՝ թե՛ ղեկավարներից և թե՛ ենթականերից:

Խստապահանջ եղեք ինքներդ ձեր և կողքինների նկատմամբ: Առաջինը դուք պետք է տեսնեք սեփական սխալները: Արեք հետևություններ, որպեսզի այլևս չկրկնեք այդ սխալները: Եվ մեկ անգամ ևս հստակ պետք է ընդգծենք՝ ցանկացած խստապահանջության հիմքում ձեր սեփական օրինակը պետք է լինի: Չես կարող խստապահանջ լինել ենթակայի նկատմամբ, եթե ինքդ խախտում ես ինչ-որ բան: 

Պարոնա՛յք գեներալներ և սպաներ,

Առաջընթացը առաջին հերթին պայմանավորված է բոլորիս ձեռնարկած ջանքերով, ցանկությամբ, նվիրվածության աստիճանով և որդեգրած սկզբունքներով: Սխալը, իհարկե, ներելի է, սակայն անբարո և անսկզբունք մոտեցումը՝ ոչ, երբե՛ք: Ինչպես ասել է մեր մեծերից մեկը՝ յուրաքանչյուր ժողովուրդ այնտեղ է, ուր նա հասել է իր բարոյական ուժի մղումով:

Անցած տարիների ընթացքում ես մշտապես եղել եմ ձեր կողքին: Մենք միասին շատ երկար ճանապարհ ենք անցել: Այդ ճանապարհի ընթացքում մենք ունեցել ենք հրճվանքի և ափսոսանքի պահեր: Մենք ունեցել ենք մեծ ձեռքբերումներ, ունեցել ենք կորուստներ, բայց եկել, հասել ենք մի հանգրվանի, երբ մեր պատասխանատվությունը մեր անցած ճանապարհի նկատմամբ կրկնապատկվում է: Եվ որպեսզի այս պատասխանատվությունը մենք կարողանանք պատվով կատարել, ես մշտապես, ավելի հաճախ լինելու եմ ձեր կողքին և ավելի մեծ օժանդակություն եմ ցուցաբերելու: Բայց հասկանալի է, որ առաջին պատասխանատուն դուք եք, և ցանկացած օգնություն ու օժանդակություն արդյունավետ է միայն այն դեպքում, երբ կոնկրետ մարդը, կոնկրետ պետական պաշտոնյան ձգտում ունի հասնելու եթե ոչ կատարելության, ապա դրան մոտ աստիճանի: Եվ ես համոզված եմ, որ այս դահլիճում նստած մարդկանց մեծ մասը հենց այդպիսին են և այդպես են մտածում: Անկեղծ եմ ասում, ես վստահում և հավատում եմ ձեզ: Մենք ուղղակի պարտավոր ենք ձեռնարկել քայլեր, որոնք կբարձրացնեն մեր ժողովրդի անվտանգության աստիճանը: Սա՛ է մեր գերագույն խնդիրը:

Շնորհակալ եմ ուշադրության համար: Հիմա պատրաստ եմ պատասխանելու ձեր ցանկացած հարցի:  

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արգելվել են օնլայն խաղադրույքները «Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով Քչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումը Ուկրաինան առաջին անգամ մարտական ռոբոտներ է կիրառել ռուսական զորքերի դեմ Դոնբասում Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել պատերազմը․ Զելենսկի Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Գերմանիայում մաքսավորները գեղեցկության սրահներում ստուգումներ են անցկացրել՝ անօրինական աշխատողներ գտնելու համար Լավրով․ Թուրքիան չի կարող փոխանցել կամ վաճառել С-400-ներն առանց Ռուսաստանի համաձայնության Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ) Ներկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Փարիզում մահացել է Գվինեայի նախկին վարչապետ և ընդդիմության առաջնորդ Սիդյա Տուրեն Իտալական ռազմական մեքենան կրակել է յուրայինների ուղղությամբ Կաթողիկոսի թեկնածու էլ ՔՊ-ն կունենա. Փաշինյանը ինչ վատ տարբերակ է իրենց համար. Իշխանյան (տեսանյութ) Երևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներին Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է 6 տարի անց կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները, Սանկտ ՊետերբուրգումԼավրովն ու Գերմանիայի ԱԳ նախարարը հանդիպել են 4,5 տարվա ընդմիջումից հետո Լեհաստանում քահանայի սպանության համար ձերբակալվել է Ուկրաինայի քաղաքացիԱյգեստանի դպրոցում 6 աշակերտի ինքնազգացողությունը վատացել է․ վարչական ղեկավարը հայտնել է պատճառըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոնը կալանավորվել էՀայաստանն ու Կիպրոսը ցանկանում են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և առևտրի ոլորտներում 40 տարի բանտում անցկացնելուց հետո արդարացվել է Բացվել է վայրի կենդանիների վերականգնման առաջին պետական կենտրոնըԱրգելք Թուրքիայում գտնվող հայաստանցիներին․ ՌԴ բանակը նոր բնակավայրեր է վերցրել վերահսկողության տակ (տեսանյութ) Ֆինլանդիայի նախագահին ռազմական տրիբունալ են կանխատեսել՝ Ուկրաինային աջակցելու մասին հայտարարությունից հետոԻնքնաթիռում ուղևոր է մահացել. Ի՞նչ է հայտնիՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռիում և Կոտայքում Գիտնականները պարզել են, որ երկրային բակտերիաները կարող են գոյատևել Սատուրնի արբանյակ Էնցելադի պայմաններումԹրամփը մերժել է Օրմուզի նեղուցով նավարկության վերաբերյալ Իրանի առաջարկըՎարձակալած բնակարանում հայտնաբերվել են Ռուսաստանի և Ֆրանսիայի քաղաքացիների մարմիններըԻրանն իր ռազմական կարողությունների մի մասը տեղափոխել է ստորգետնյա օբյեկտներ Իրանի անսպասելի քայլը, Փհենյանի սպառնալիքը և Զելենսկու բացահայտած գաղտնիքը (տեսանյութ) Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավոր Ոչնչացվել է պաղպաղակի խոշորագույն արտադրողի պահեստըԱթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Հայտնի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների գործով հերթական նիստի օրը ՌԴ տիեզերագնացների կազմում առաջին անգամ հայ կա․ ո՞վ է Էնդոկրինոլոգը բացատրել է, թե ինչպես է վահանաձև գեղձի աշխատանքն ազդում առողջության վրա Թրամփի տարօրինակ ժեստը, Աթենքի պայթյունը, Բանգկոկը՝ ջրի տակ․ ցնցող կադրեր (տեսանյութ) Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդինԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվելՀԱՊԿ զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների Բաքվի նոր քայլերը, Մոսկվայի գազի ուղերձն ու Հայաստանի եվրոպական շրջադարձը (տեսանյութ)Երկաթուղային մալուխների վնասման պատճառով Գերմանիայում խաթարվել է միջքաղաքային գնացքների հաղորդակցությունը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքումԹրամփը և Սի Ծինփինը համաձայնության են եկել Մելոնին մերժել է Մակրոնի՝ Հռոմի պապի հետ հանդիպման հրավերը
Ամենադիտված