Ուկրաինացին մահացել է Ռումինիայի լեռներում՝ սահմանն ապօրինի հատելուց հետո. ևս երկուսին ողջ են գտել
Աշխարհ
Ռումինիայում Ուկրաինայի մեկ քաղաքացի է մահացել Մարամուրեշի լեռներում մոլորվելուց հետո, ևս երկուսին հաջողվել է գտնել որոնողափրկարարական գործողության ընթացքու, կիրակի հայտնել է Սիգետու Մարմացիեյի սահմանային ոստիկանության տարածքային տեսչության ներկայացուցիչ Ալինա Պետրարուն, հաղորդում է Digi 24-ը։
Սահմանային ոստիկանության տվյալներով, գերատեսչության օպերատիվ համակարգման կենտրոն է զանգահարել մի կին և հայտնել, որ երեք ուկրաինացի, Ուկրաինայից Ռումինիա ապօրինի անցնելուց հետո, մոլորվել են պետական սահմանի մերձակայքում գտնվող լեռնային տեղանքում։ Ստացված տեղեկության համաձայն, տղամարդկանցից մեկը դժվարությամբ էր տեղաշարժվում։
Որոնողական աշխատանքներին մասնակցելու են ուղարկվել Պոենիլե դե սուբ Մունտե համայնքի ստորաբաժանման երկու սահմանապահ և Մարամուրեշի լեռնային փրկարարական տարածաշրջանային ծառայության երեք աշխատակից։ Գործողությանը ներգրավվել է երեք ավտոմեքենա։
Փրկարարները երկու ուկրաինացու հայտնաբերել են Ռեպեդյա բնակավայրի տարածքում՝ պետական սահմանի անմիջական հարևանությամբ։ Շուտով նրանք գտել են նաև երրորդ տղամարդուն, սակայն նա արդեն կենդանության նշաններ չի ցուցաբերել։
Պետրարուն նշել է, որ որոնողական գործողությունն ընթացել է բարդ պայմաններում. տեղանքը դժվարամատչելի էր, իսկ լեռնալանջերը ծածկված էին ձյան հաստ շերտով։
Տեղի ունեցածի հանգամանքները քննում են Մարամուրեշի շրջանի ոստիկանության աշխատակիցները։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը