Մանրամասներ են հայտնի դարձել Իտալիայի ոստիկանության նախկին պետի մահվան մասին
Աշխարհ
Իտալիայի ոստիկանության նախկին պետ Ջաննի Դե Ջեննարոն, որն անցնում էր հայտնի դատախազ Պաոլո Բորսելինոյի սպանության հետաքննությանը խոչընդոտելու ենթադրյալ փորձերի գործով, 78 տարեկանում ինքնասպան է եղել, շաբաթ օրը հայտնել է կատարվածի հանգամանքներին ծանոթ աղբյուրը։
Դե Ջեննարոյին մահացած են հայտնաբերել Տոսկանայում գտնվող նրա առանձնատանն այն բանից հետո, երբ հարազատները, չկարողանալով կապ հաստատել նրա հետ, անհանգստացել են։ Ansa գործակալության տվյալներով, Գրոսետո նահանգի դատախազությունը հետաքննություն է սկսել՝ ինքնասպանության հասցնելու կասկածանքով։ Քննիչները հայտնաբերել են նաև գրություններ, որոնք ենթադրաբար հասցեագրված են ընտանիքի անդամներին, և այլ փաստաթղթեր։
Նրա մահվանից գրեթե մեկ շաբաթ առաջ Սիցիլիայի Կալտանիսետա քաղաքի դատախազությունը պահանջել էր Դե Ջեննարոյի նկատմամբ տնային կալանք կիրառել։ Քննությունն ուսումնասիրում էր 1992 թվականին Պալերմոյում ավտոմեքենայի պայթյունի հետաքննությանը խոչընդոտելու ենթադրյալ փորձերը։ Պայթյունի հետևանքով զոհվել էին դատախազ Բորսելինոն և նրան ուղեկցող հինգ ոստիկաններ։ Դատավորը մերժել էր միջնորդությունը, սակայն դատախազությունը բողոքարկել էր այդ որոշումը։
Դե Ջեննարոն հերքում էր որևէ խախտման առնչություն ունենալը։ Նրա փաստաբան Ֆրանչեսկո Բերտորոտան La Repubblica թերթին պատմել է, որ ոստիկանության նախկին ղեկավարը խորապես ցնցված էր մեղադրանքներից, որոնք համարում էր անարդար և իր հեղինակությունն արատավորող։
Բորսելինոյի սպանության հետաքննությունը շարունակում է մնալ Իտալիայի նորագույն պատմության ամենավիճահարույց էջերից մեկը։ Այդ հանցագործությունից համարյա երկու ամիս առաջ մաֆիայի կազմակերպած պայթյունի հետևանքով զոհվել էր դատախազ Ջովանի Ֆալկոնեն՝ Դե Ջեննարոյի մտերիմ գործընկերը։
Սկզբում քննիչները պարզել էին կասկածյալների ինքնությունը, որոնք հետագայում արդարացվել էին։ Ավելի ուշ հետաքննությունը կենտրոնացել էր նաև այն պնդումների վրա, որ խոստովանական ցուցմունքները ստացվել են ճնշման տակ կամ կեղծվել են։ Այդ իրադարձությունների հանգամանքները մինչև օրս վեճերի տեղիք են տալիս։
Սպանված դատախազի որդին՝ Մանֆրեդի Բորսելինոն, ափսոսանք է հայտնել նախկին ոստիկանի մահվան կապակցությամբ։
«Հնարավոր է՝ նրա հետ հեռացավ նաև ճշմարտության մի մասը»,— հայտարարել է նա։
Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին ցավակցություն է հայտնել։ Փոխվարչապետ Անտոնիո Տայանին իր հերթին ընդգծել է, որ ժողովրդավարական երկրում արդարադատությունը պետք է իրականացվի դատարաններում, այլ ոչ թե հանրային հարթակներում։
Դե Ջեննարոն Իտալիայի ազգային ոստիկանությունը ղեկավարել է 2000-2007 թվականներին։ 1980-ական և 1990-ական թվականներին նա մասնակցել է սիցիլիական «Կոզա նոստրա» մաֆիայի դեմ պայքարին, սերտորեն համագործակցել է Ֆալկոնեի հետ և օգնել կազմակերպել մաֆիայի մասին տեղեկություններ հաղորդող Թոմազո Բուշետայի արտահանձնումը Բրազիլիայից։ Հետագայում նա ղեկավարել է Մաֆիայի դեմ պայքարի հետաքննությունների վարչությունը, ապա զբաղվել իտալական հատուկ ծառայությունների աշխատանքի համակարգմամբ։
Նրա կարիերան ուղեկցվել է նաև վեճերով։ Մասնավորապես, նա ոստիկանությունը ղեկավարել է 2001 թվականին Ջենովայում կայացած «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի ժամանակ, որն ուղեկցվել է ոստիկանների և հակագլոբալիստների միջև կատաղի բախումներով։ Այդ իրադարձություններին առնչվող գործով Դե Ջեննարոն ի վերջո արդարացվել է։ 2013 թվականին նա գլխավորել է պաշտպանական և օդատիեզերական ոլորտի պետական Finmeccanica ընկերությունը, որը հետագայում վերանվանվել է Leonardo, և այդ պաշտոնում մնացել մինչև 2020 թվականը։
Իտալիայի ոստիկանության նախկին պետի մահվան մասին հայտնի է դարձել նոյեմբերի 21-ին։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը