Նոյեմբերի 20-ին Փարիզում` Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունում, տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված Հայ լեզվաբանության 13-րդ միջազգային գիտաժողովի եզրափակիչ նիստը
Գիտություն և Մշակույթ
Նոյեմբերի 20-ին Փարիզում` Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունում, տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված Հայ լեզվաբանության 13-րդ միջազգային գիտաժողովի (ICAL13) եզրափակիչ նիստը։
Գիտաժողովը նոյեմբերի 18–20-ին անցկացվել է Փարիզում և կազմակերպվել Ֆրանսիայի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտի (INALCO) կողմից` SeDyL հետազոտական կենտրոնի, Հայագիտական ընկերության և այլ գործընկերների հետ համագործակցությամբ։
Նիստը վարել է INALCO-ում հայագիտական ուսումնասիրությունների պատասխանատու, պրոֆեսոր Անահիտ Տոնապետյան-Դեմոպուլոսը։
Նիստի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը։ Նա ընդգծել է Աճառյանի գիտական ժառանգության բացառիկ նշանակությունը և անդրադարձել հայ լեզվաբանության ու բարբառագիտության զարգացման գործում նրա ունեցած անգնահատելի դերակատարությանը։
Դեսպանը խոսել է նաև Աճառյանի՝ Ֆրանսիայում ապրելու ընթացքում կատարած գործունեության մասին, ինչը կարևոր հետք է թողել գիտնականի կայացման գործում։
Նա կարևորել է հայ-ֆրանսիական գիտական կապերի ամրապնդումը, հայոց լեզվի ժառանգության պահպանումը և այն ժամանակակից գիտական գործիքներով ուսումնասիրումը։
Ելույթներ են ունեցել Հրաչյա Աճառյանի ծոռնուհի Անի Աճառյանը, Մատենադարանի ավագ գիտաշխատող Անուշ Ապրեսյանը և Երևանի պետական համալսարանի դասախոս Արսեն Վարդանյանը։ Նրանք անդրադարձել են գիտնականի կերպարին դստեր՝ Քնարիկ Աճառյանի հուշերում, Աճառյանի փարիզյան գիտական գործունեությանը և նրա ժառանգության արդիականությանը։
Միջոցառմանը ներկա էին նաև Փարիզի Սորբոնի համալսարանի պատվավոր պրոֆեսոր, ակադեմիկոս Շառլ դը Լամբերտրին, անվանի լեզվաբան, պրոֆեսոր Հրաչ Մարտիրոսյանը, INALCO-ի ներկայացուցիչներ, տարբեր երկրներից ժամանած ոլորտի մասնագետներ։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը