Ֆրանսիայում գների աճի դեմ բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են սկսվել ոստիկանության հետ
Աշխարհ
Ֆրանսիայի Նանտ և Լիոն քաղաքներում բախումներ են սկսվել բողոքի ակցիաների մասնակիցների խմբերի և ոստիկանների միջև։ Նոյեմբերի 21-ին երկրում ցույցեր են անցկացվում՝ ընդդեմ գների աճի։
Ինչպես հայտնում է Le Progrès թերթը, Լիոնի իշխանություններն արգելել են քաղաքի կենտրոնում բողոքի ակցիաների անցկացումը։ Այդուհանդերձ, ցուցարարների խմբերը փորձել են երթեր կազմակերպել Գարիբալդի փողոցում և Գամբետայի պողոտայում։ Ոստիկանության շարժական ստորաբաժանումներն օպերատիվ կերպով ցրել են չարտոնված հավաքները, մի քանի անգամ կիրառվել է արցունքաբեր գազ։ Անվտանգության ուժեղացված միջոցառումներ են իրականացվել նաև Բելկուր հրապարակի հարակից տարածքներում, որտեղ բացվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառը։
Ouest-France-ի փոխանցմամբ՝ բախումներ են տեղի ունեցել նաև Նանտում։ Ցուցարարների մի խումբ փորձել է շեղվել նախապես հայտարարված երթուղուց և բախվել իրավապահների հետ։ Թերթի թղթակցի խոսքով՝ ցուցարարներից մեկը ոտքի վնասվածք է ստացել ոստիկանության կիրառած նռնակի հարվածից։ CNEWS հեռուստաալիքն իր ռեպորտաժում ցույց է տվել նաև Նանտում վնասված ոստիկանական ավտոմեքենա՝ կոտրված դիմապակով և հետևի ապակով։
Ավելի վաղ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ նախորդ շաբաթների բողոքի ակցիաների համեմատ ցուցարարների թիվը զգալիորեն նվազել է։ Տեղական ժամանակով ժամը 14-ի դրությամբ՝ Փարիզից դուրս երկրի տարբեր շրջաններում անցկացվող 44 ակցիաներին մասնակցել է ընդամենը 2,2 հազար մարդ։ «Ցույցերի ինտենսիվությունը նախորդ օրերի նույն ժամի համեմատ զգալիորեն նվազել է»,- նշել են նախարարությունում։
Համեմատության համար՝ անցած շաբաթ օրը՝ ժամը 14-ի դրությամբ, իշխանությունները գրանցել էին 78 բողոքի ակցիա՝ ընդհանուր 9,8 հազար մասնակցով։ Իսկ հոկտեմբերի 17-ին անցկացվել էր 288 ակցիա, որոնց մասնակցել էր 72,6 հազար մարդ։
Ֆրանսիայում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են սեպտեմբերի վերջին, երբ դպրոցականները սկսել են արգելափակել ուսումնական հաստատությունների մուտքերը՝ դժգոհելով դրանց վատ վիճակից, ծանրաբեռնված դասացուցակից և մի շարք առարկաների ուսուցիչների բացակայությունից։ Հոկտեմբերին բողոքի շարժմանը միացել են նաև արհմիությունները՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը և հրաժարվել իշխանությունների նախատեսած լրացուցիչ խնայողության միջոցառումներից։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը