Վտանգավոր սմոգը կաթվածահար է արել երթևեկությունը Պակիստանում․ Լահորը դարձել է աշխարհի ամենաաղտոտված քաղաքը
Աշխարհ
Պակիստանի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Լահորը, կիրակի օրը վտանգավոր սմոգի պատճառով դարձել է աշխարհի ամենաաղտոտված մեգապոլիսը։ Չնայած ձեռնարկված միջոցառումներին՝ իշխանությունները չեն կարողացել հաղթահարել օդի աղտոտվածությունը։
Օդի որակի մշտադիտարկում իրականացնող միջազգային IQAir կազմակերպության տվյալներով, Լահորում աղտոտվածության ցուցանիշը հասել է 289-ի, ինչի հետևանքով քաղաքը օդի աղտոտվածության համաշխարհային վարկանիշում զբաղեցրել է առաջին տեղը։
Երկրի արևելքում՝ Հնդկաստանի հետ սահմանի մոտ գտնվող Լահորը վերջին մի քանի շաբաթների ընթացքում օդի աղտոտվածության մակարդակով պարբերաբար զբաղեցրել է առաջին տեղն աշխարհի խոշորագույն քաղաքների շարքում։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ վտանգավոր թանձր սմոգը պատել է Պակիստանի կենտրոնական մասում գտնվող Փենջաբ նահանգի շրջանները։
Վատ տեսանելիության պատճառով իշխանությունները փակել են խոշոր քաղաքները կապող ավտոմայրուղիները։ Սմոգի դեմ պայքարի մյուս միջոցներից են մեծ քանակությամբ ծուխ արտանետող ավտոմեքենաների սեփականատերերի նկատմամբ կիրառվող տուգանքները։
Պակիստանի իշխանությունները Լահորում օդի աղտոտվածությունը կապում են արդյունաբերական արտանետումների, աղյուսի գործարաններից ու տրանսպորտային միջոցներից արտազատվող ծխի, ինչպես նաև գյուղատնտեսական մնացորդների և կենցաղային թափոնների այրման հետ։
Չնայած Պակիստանին բաժին է ընկնում ածխաթթու գազի համաշխարհային արտանետումների 1%-ից պակասը, երկիրը կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ առավել խոցելի տասը պետությունների թվում է։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը