Հունաստանում 14-ամյա դեռահասը ծրագրել էր դպրոցում զանգվածային հրաձգություն իրականացնել՝ հասակակիցների հալածանքների պատճառով
Աշխարհ
Հունաստանի ոստիկանությունը կանխել է դպրոցի վրա ենթադրյալ հարձակումը, որը, ըստ քննության տվյալների, ծրագրել էր 14-ամյա դեռահասը, հայտնում է Kathimerini-ն։
Տղան մտադիր էր կրակ բացել համադասարանցիների վրա՝ պնդելով, որ նրանք բազմիցս հալածել են իրեն։ Իշխանություններն այս դեպքն աննախադեպ են համարել երկրի համար։
Հետաքննությունը սկսել է Հակաահաբեկչական ծառայությունն այն բանից հետո, երբ օտարերկրյա գերատեսչությունից տեղեկություն է ստացել Telegram-ի մի օգտատիրոջ մասին, որը սպառնում էր զանգվածային հրաձգություն իրականացնել։
Ոստիկանները պարզել են, որ օգտահաշիվը պատկանում է դեռահասին։ Ըստ քննության վարկածի, նա ուսումնասիրել է դպրոցների վրա հարձակումների մասին տեղեկություններ, փորձել է ձեռք բերել հրազեն և ռազմական հանդերձանք։
Բացի այդ, տղան դիտարկել է հարձակումը տեսագրելու և համացանցում հրապարակելու հնարավորությունը։ Նա նաև 35 սանտիմետր երկարությամբ դանակ է գնել։
Հարցաքննության ժամանակ դեռահասը հայտարարել է, որ ցանկացել է պատժել 10–15 անչափահասներից բաղկացած մի խմբի անդամների, որոնք, ըստ նրա, բազմիցս վիրավորել են իրեն և ֆիզիկական բռնություն գործադրել իր նկատմամբ։
Իշխանությունները հայտնել են, որ գաղափարական արմատականացման կամ ահաբեկչական դրդապատճառների նշաններ չեն հայտնաբերել։ Նրանց գնահատմամբ, խոսքը կոնկրետ մարդկանց դեմ ուղղված և վրեժխնդրության ցանկությամբ պայմանավորված բռնության մասին է։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը