Jaguar Land Rover-ը հասել է ԵՄ-ում չինական BYD ամենագնացի վաճառքի արգելքին
Այլ
Հաագայի դատարանն արգելել է չինական BYD ավտոարտադրողին Եվրամիության տարածքում վաճառել յոթտեղանոց Ti7 ամենագնացը՝ նրան մեղադրելով Jaguar Land Rover-ին (JLR) պատկանող արդյունաբերական նմուշի նկատմամբ իրավունքները խախտելու մեջ, հայտնում է The Guardian-ը։
Ընկերությունը դիմել է դատարան՝ հայտարարելով, որ չինական մոդելի դիզայնը կրկնօրինակում է Land Rover Defender-ին բնորոշ տարրերը։
Դատարանը վճռել է, որ Defender-ի դիզայնի տարբերակիչ առանձնահատկությունները վերարտադրված են BYD Ti7-ում։ Արգելքն ուժի մեջ կմտնի որոշման կայացումից մեկ շաբաթ անց։ Դատարանը նաև արգելել է BYD-ին այս մոդելն արտադրել Հունգարիայի Սեգեդ քաղաքում գտնվող նոր գործարանում՝ մինչև մտավոր սեփականության վերաբերյալ գործի քննության ավարտը։ Միաժամանակ դատարանն ընդգծել է, որ լիազորված չէ որոշումներ կայացնել Մեծ Բրիտանիայում BYD-ի գործունեության վերաբերյալ։
JLR-ն դատական գործընթացը սկսել է այս տարվա սկզբին այն բանից հետո, երբ BYD-ն հայտարարել էր բրիտանացի գնորդներից Ti7-ի պատվերների ընդունման մասին։ Նոյեմբերի սկզբին հաղորդվել էր, որ դատական կատարողները Նիդեռլանդներում չինական ընկերության գրասենյակներից առգրավել են թվային փաստաթղթեր։
Հիբրիդային ամենագնացը Չինաստանում վաճառվում է 2025 թվականի սեպտեմբերից։ Մեծ Բրիտանիայում դրա արժեքը կազմում է 47 995 ֆունտ ստեռլինգ՝ ավելի քան 20 հազար ֆունտով պակաս Land Rover Defender-ի գնից։ Գնորդներին մատակարարումները պետք է սկսվեն 2027 թվականի հունվարին։
JLR-ում հայտարարել են, որ պաշտպանում են իրենց մտավոր սեփականությունը և անհրաժեշտության դեպքում դիմում դատարան։ Ընկերությունը հրաժարվել է հետագա մեկնաբանություններից, քանի որ դատական քննությունը շարունակվում է։
BYD-ն, իր հերթին, չի համաձայնել որոշման հետ և հայտարարել է այն բողոքարկելու մտադրության մասին։ Արտադրողը պնդում է, որ Ti7-ը ստեղծվել է ընկերության դիզայներների ինքնուրույն աշխատանքի արդյունքում և չի խախտում JLR-ի իրավունքները։
Ավելի վաղ JLR-ն արդեն հասել էր մի ավտոմեքենայի վաճառքի արգելքին, որի դիզայնը, ընկերության պնդմամբ, կրկնօրինակում էր իր մոդելը։ 2019 թվականին՝ երեք տարի տևած դատական քննությունից հետո, դատարանը վճիռ էր կայացրել չինական Jiangling Motors Corporation-ի դեմ, որն արտադրում էր Range Rover Evoque-ին նման ավտոմեքենա։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը