Հայաստանի արտգործնախարարն ընդունել է Իռլանդիայի նորանշանակ դեսպանին
Արտաքին ՔաղաքականՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 26-ին ընդունեց Հայաստանում Իռլանդիայի նորանշանակ դեսպան Մայքլ Ֆորբսին (նստավայրը՝ Սոֆիա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Շնորհավորելով Մայքլ Ֆորբսին` նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր նպաստը կբերի հայ-իռլանդական հարաբերությունների առավել խորացմանը և ամրապնդմանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Ֆորբսը հավաստիացրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում կներդնի առավելագույն ջանքերը հայ-իռլանդական հարաբերություններին նոր լիցք հաղորդելու համար:
Հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանը և Մայքլ Ֆորբսը քննարկեցին երկկողմ օրակարգի հարցեր, անդրադարձան քաղաքական երկխոսության ակտիվացման և առևտրատնտեսական կապերի զարգացման ուղղությամբ համատեղ քայլերին, ընդգծեցին միջխորհրդարանական կապերի ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, մշակույթային փոխանակումների խթանման կարևորությունը:
Երկուստեք նշվեց, որ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը կարող է հնարավորություններ ընձեռել ինչպես Հայաստան-ԵՄ ձևաչափում, այնպես էլ երկկողմ հարաբերությունների առավել խորացման և ընդլայնման համար:
Նախարար Նալբանդյանը դեսպան Ֆորբսին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին