Ինչու է զինծառայողը մահացու վիրավորում ստացել թոքի շրջանում. «Ժողովուրդ»
Հայկական Մամուլ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա բնակավայրի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության հետեւանքով մահացու հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը մահացել էր թոքի հատվածում վիրավորումից։ Եվ այդ հանգամանքից հետո շատերին հետաքրքրում էր, թե ինչպես է ստացվել, որ զինծառայողը վիրավորվել է թոքի շրջանում, այսինքն՝ զրահաբաճկոն չի՞ եղել արդյոք նրա հագին:
Այս առնչությամբ երեկ «Ժողովուրդ» օրաթերթը հարց է ուղղել ՀՀ ԶՈՒ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանին: «Մեր զինվորը զրահաբաճկոն ունի, բայց տարբեր դիրքերից կրակելու դեպքում ռելիեֆային բարդ պայմաններում, եթե կրակոցներն արձակվում են ներքեւից, ապա զինծառայողը, գտնվելով վերեւի մասում, ապա կարող է նաեւ այդ մասով խոցվել: Իմ տվյալներով՝ այդպես է ստացվել դեպքը», – նշեց նա»: