Պաշտոնական այցով Թբիլիսի մեկնած Կարեն Անդրեասյանն ու Վրաստանի վարչապետը հանդիպում են ունեցել
ՎրաստանՎրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մայիսի 2-ին ընդունել է Հայաստանի արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին։
Ինչպես հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից, Վրաստանի վարչապետն իր ջերմ ողջույններն է փոխանցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կարևորելով վարչապետ Փաշինյանի հետ ամուր գործընկերային հարաբերությունները: Հանդիպման ընթացքում ընդգծվել է Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարների միջև սույն թվականի հունվարին ստորագրված համագործակցության հուշագրի կարևորությունը։ Վրաստանի վարչապետը կարևորել է երկու երկրների արդարադատության նախարարների պայմանավորվածությունն՝ ամրապնդել արդարադատության, մարդու իրավունքների և հանրային ծառայությունների մատուցման ոլորտում համագործակցությունը։
Նախարար Անդրեասյանը Վրաստանի վարչապետին ներկայացրել է հարկադիր կատարման ծառայության, արբիտրաժային կենտրոնի, արդարադատության տների և պրոբացիայի ոլորտներում երկու երկրների միջև ձեռքբերված համագործակցության և փորձի փոխանակման վերաբերյալ պայմանավորվածությունն, ինչպես նաև՝ արդարադատության ոլորտին առնչվող այլ հարցեր։ Ընդգծվել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման և առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ համատեղ աշխատանքի կարևորությունը։
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի և Վրաստանի վարչապետի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Վրաստանի վարչապետի «Հարավային Կովկասում խաղաղ հարևանության» նախաձեռնությունը։ Այս համատեքստում հաստատվել է վրացական կողմի պատրաստակամությունը՝ նպաստելու տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը։